ABCMEDIA
Բոլորիս գերխնդիրը այս գործընթացը հաջողելն է․ Սուրեն Պետրոսյան

Բոլորիս գերխնդիրը այս գործընթացը հաջողելն է․ Սուրեն Պետրոսյան

Փորձում են տպավորություն ստեղծել, որ հանդարտ է ամեն բան․ ես ձեզ ասեմ, որ գործընթացը երկրաչափական պրոգրեսիա է ու ավելի  է ակտիվանում և տարածվում, հետևաբար սա այն փուլն է, երբ այստեղ գտնվող մարդկանց քանակով չի որոշվում ընդհանուր մթնոլորտը»,-այս հարցին ի պատասխան լրագրողների հետ զրույցում  ասել է քաղաքագետ Սուրեն  Պետրոսյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե մարում է հանուն Տավուշի մեկնարկած պայքարը։

«Հանրապետությունում մթնոլորտն այլևս ամբողջությամբ այլ է»,-հայտարարել է քաղաքագետը,- «սպասելիքներն ու ակնկալիքներն էլ այլ են»։

Քաղաքագետը վստահեցնում է՝ չի կարելի այստեղ հավաքված մարդկանց քանակով չափել ակտիվության մակարդակը։

«Ամբողջ Հայաստանում, այդ թվում նաև Սփյուռքում, հսկայական դժգոհության ալիք է բարձրացել։ Տավուշյան գործընթացից բոլորն ունեն ակնկալիք»,-նշել է Պետրոսյանը։

Բայց քաղաքագետը ևս մեկ անգամ հաստատեց՝ խնդիրները լուծվելու են Երևանում, բայց աստեղ, իր համոզմամբ, որպես հենակետ մնալու է շարժումը։

Հարցին, թե արդյոք շարժման ղեկավարների միջև առաջնորդ լինելու համար կոնֆլիկտ է եղել, վերջինս պատասխանեց․

«Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք ուզում ենք սեփական ամբիցիաներով պայմանավորված ինչ-որ առաջնորդ գտնել կամ ինքնաառաջադրել մեզ։ Այս պրոցեսում բացարձակապես նման խնդիր չկա, որովհետև մեր խնդիրն ինչ-որ մարդու վարչապետ դարձնելը չի։ Բոլորիս գերխնդիրը այս գործընթացը հաջողելն է, ոչ թե ով կլինի ու ինչ պաշտոն կունենա»։

Լուրերն այն մասին, թե Տավուշի մարզի այդ շրջանների բնակիչները իշխանական են ու նրանց չի հուզում հողերի հարցը, Պետրոսյանը կտրականապես հերքել է։

«Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, ես շփվել եմ ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի բնակիչների հետ, նման բան չկա։ Այս մարդիկ արժանապատվության, հայրենասիրության խտացված կերպարներ են։ Եթե ինչ-որ մեկը կփորձի սա դնել կասկածի տակ, հրավիրում  եմ միասին գյուղերում շրջել»,-եզրափակել է Սուրեն Պետրոսյանը։