ABCMEDIA
Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստը մեծ մասամբ պատրաստ է. ՌԴ փոխվարչապետ

Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստը մեծ մասամբ պատրաստ է. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը Սամարղանդում՝ Վերոնայի XVI Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում,
մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբերի աշխատանքը՝
տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանների սահմանազատման վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը երկկողմանի խնդիր է։ Իսկ համանախագահները
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետներն են։ Ինչ վերաբերում է այս
գործընթացում Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը և դերին, ապա մենք միշտ պատրաստ
ենք աջակցություն ցուցաբերել։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել և տրամադրել փաստաթղթեր,
ներառյալ քարտեզագրական փաստաթղթերը, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում:

Ինչ վերաբերում է կապի ապաշրջափակմանը, ապա ֆորմալ առումով կա աշխատանքային խումբ։
Վերջին անգամ հավաքվել էինք հունիսի 2-ին։ Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի
վերաբերյալ նշանակալի համատեղ հայտարարության տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է։

Ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, ապա գիտեք, որ Ադրբեջանն արդեն սկսել
է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Ինչպես
մեզ հայտնի է, Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվել
է նաև հուշագիր՝ Իրանի տարածքով Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման մասին»,-
ասել  է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը մեկնաբանել է նաև Հայաստանում կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղու կարևորությունը
Ռուսաստանի համար՝ որպես Հյուսիս-Հարավ ընդհանուր միջանցքի մաս։

«Սա շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը Իրանից Հայաստանի տարածքով կհասնի
Վրաստան։ Եվ, իհարկե, հաշվի առնելով Վերին Լարսը, այն նույնպես շատ կարևոր դեր կունենա
մեր Հյուսիս-Հարավ միջանցքում։ Մենք վստահ ենք դրանում»,- նշել է Օվերչուկը։