«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բողոքի խորհրդանշական գործողություն է իրականացրել
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բողոքի խորհրդանշական գործողություն է իրականացրել Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում, որտեղ օրեր առաջ կարմիր բերետավորները հարձակվել էին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա:
Իրավապաշտպանները խորհրդանշական կերպով սահմանազատել էին տարածքը դեղին ժապավենով`ցույց տալով, որ դա հանցանքի վայր է:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով` իրավապահների կողմից պատգամավորին ծեծելու դեպքից անցել է 6 օր, սակայն իրավապահ մարմինները անգործություն են դրսևորել ու այս դեպքով որևէ գործողություն չեն արել, պատասխանատու չի հայտնաբերվել:
Նախաձեռնությունը նաև հայտարարություն է տարածել.
«Գործողության նպատակն է մարդու իրավունքներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների, բարեկամ պետությունների դեսպանությունների, ինչպես նաև լայն հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում իշխող ուժի բացարձակ հովանավորչության ներքո ոստիկանական ապօրինությունների ու անպատժելիության, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների, երկակի ստանդարտների արմատավորման խնդիրներին»։