ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
Եվրամիությունում հունիսի 6-ին մեկնարկում են Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրությունները, որոնք կտևեն մինչև հունիսի 9-ը ներառյալ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:
Նիդեռլանդներն ընտրությունները կանցկացնի հունիսի 6-ին, Իռլանդիան` հունիսի 7-ին, Լատվիան, Մալթան, Սլովակիան` հունիսի 8-ին: Չեխիան կքվեարկի երկու օր՝ հունիսի 7-ին և 8-ին, իսկ Իտալիան՝ հունիսի 8-ին և 9-ին: ԵՄ մյուս պետություններն ընտրությունները կանցկացնեն հունիսի 9-ին։
Եվրոպայի ավելի քան 370 միլիոն քաղաքացի իրավունք ունի քվեարկել ԵՄ 27 պետություններում՝ ընտրելու Եվրախորհրդարանի 720 անդամի։
Ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով։ Քվեարկությունն անցկացվում է քաղաքական կուսակցությունների կամ կոալիցիաների կողմից առաջադրված թեկնածուների ամբողջական ցուցակներով։ Ցուցակները, որոնք չեն հավաքում ձայների 5 տոկոսը, չեն անցնում ԵԽ:
Եվրախորհրդարանի նոր կազմի առաջին արդյունքները կհրապարակվեն հունիսի 9-ին, Բրյուսելի ժամանակով 20:15-20:30-ի սահմաններում: Նախնական արդյունքներն սպասվում են 23:15-ի և 23:30-ի միջև ընկած ժամանակահատվածում:
Եվրախորհրդարանի լիագումար նիստը նախատեսված է հուլիսի 16-19-ը Ստրասբուրգում։ Ընտրված եվրապատգամավորները կկազմեն քաղաքական խմբակցություններ, կընտրվի Եվրախորհրդարանի ղեկավարությունը, և կբաշխվեն մյուս կազմակերպական պաշտոնները:
Դրան կհաջորդի ԵՄ երկրների ղեկավարների և Եվրախորհրդարանի կողմից Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի ընտրությունը և ԵՀ գործադիր խորհրդի ձևավորումը` 27 եվրահանձնակատարով։
Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն նախ պետք է ստանա ԵՄ 27 երկրների ղեկավարների որակյալ մեծամասնության աջակցությունը։ Դրանից հետո նա պետք է առնվազն 361 ձայն հավաքի Եվրախորհրդարանի 720 նոր պատգամավորներից։
Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հայտարարել է նախագահական երկրորդ մանդատ ստանալու իր ցանկության մասին։ Մարտի սկզբին աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որն ունի Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունը, վեհաժողովի ժամանակ հաստատել է նրա թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի համար։