25 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաթումի-Երևան չվերթի ուղևորների բեռները տեղ չեն հասել, «Հայկական ավիաուղիները» չի մեկնաբանում

Բաթումի-Երևան չվերթի ուղևորների բեռները տեղ չեն հասել, «Հայկական ավիաուղիները» չի մեկնաբանում

«Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ի Բաթումի- Երևան չվերթով օգոստոսի 11-ին ուղևորները վերադարձել են, բայց ուղեբեռների ճակատագիրն անհայտ է․ որտե՞ղ է, ե՞ր կհասնի ուղևորներին, ի՞նչ վիճակում։ ABC media-ի հետ զրույցում պատմել է չվերթի ուղևորներից լրագրող Նանա Մարտիրոսյանը։

«Օդանավում գրեթե ազատ տեղ չկար, կային թե՛ հայեր, թե՛ արտասահմանցիներ: Ամեն ինչ շատ լավ էր, սակայն ուղեբեռին 20 րոպեից ավելի սպասելուց հետո, օդանավակայանի աշխատակցին հարցրինք, թե ե՞րբ կբերեն ուղեբեռը։ Նա ասաց, որ էլ ուղեբեռ չկա: Մտածեցինք՝ հումոր է, երկրորդ աշխատակցին հարցրինք, նա էլ հաստատեց՝ չկա ուղեբեռ: Հետո ուղեբեռ տեղափոխող տղաները մեզ ուղղորդեցին «lost and found»-ի պատուհանի մոտ: Լրացրեցինք բլանկն ու հորդորեցին սպասել: Բնականաբար օդանավակայանի աշխատակիցը չգիտեր՝ երբ կբերեն ուղեբեռը (սա նորմալ է, դա ավիաընկերության հարցն է): Միայն ասաց, որ սովորաբար հաջորդ չվերթով են բերում»,- պատմել է նա:

Չվերթից 3 օր անց՝ ուղեբեռի մասին դեռ տեղեկություն չկա․ ավիաընկերության աշխատակիցների հետ կապվելու, տեղեկություն ստանալու փորձերը ձախողվել են։

«Մեզ հետ անգամ կապ չեն հաստատել, ողջ օրը զանգերին չեն պատասխանել։ Մեզ հայտնել են՝ Բաթումիի օդանավակայանից 13-ին կուղարկեն ուղեբեռը»,- ասաց Նանա Մարտիրոսյանը։

Ուղևորները սպասման ընթացքում են միայն տեղեկացել, որ ավիաընկերությունը ուղեբեռները չի առաքելու, և ուղևորները պետք է մոտենան ու օդանավակայանից վերցնեն։ Իսկ ինչու՞ պետք է ավիաընկերության սխալի պատճառով հավելյալ ծախս անեն ուղևորները արդեն վճարված ուղեբեռի համար։

«Կանանցից մեկն անգամ նկատեց, որ ինքը կարող էր լինել մարզի բնակիչ ու հավելյալ գումար պետք է ծախսեր արդեն իսկ վճարված ուղեբեռը ստանալու համար»,-ասում է Մարտիրոսյանը։

Նա պատմում է՝ իր հետ սպասող մյուս ուղևորներին ևս բարկացրել է ավիաընկերության վերաբերմունքը։ Ուղեբեռը կարող է կորել, ցանկացած ընկերության դեպքում պատահում է, բայց նման արհամարհական պահվածքը անընդունելի է։ Ինչու՞ որևէ բացատրություն չկա։

ABC media-ն փորձեց կապ հաստատել ավիաընկերության հետ, հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցն ասաց, որ ինքը պարզաբանում տալու իրավունք չունի, խոստացավ՝ ավելի ուշ կարձագանքեն։ Պատասխանն ստանալուն պես՝ կհրապարակենք:

«Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022թ-ի դեկտեմբերին։