
Հայաստանն ու Թուրքիան գործակցության հուշագիր կստորագրեն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
Ermenihaber-ը գրում է, որ կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համագործակցությանը։
Նաև ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Կողմերը կարևորել են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը հեռարձակման ոլորտի արդյունավետ կարգավորման և նոր մարտահրավերներին համատեղ արձագանքելու տեսանկյունից։ Քննարկվել է համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է»,- նշում է լրատվամիջոցը։



