ՌԴ-ն ռեզերվներ է դուրս բերում Ղրիմից, իսկ Ուկրաինան վերաբաշխում է ուժերն արևելյան ճակատից․ «Պուտինի մղձավանջը» ԶԼՄ-ներում
Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ՌԴ վրա հարձակման թիրախ են դարձել չորս բազաներ Կուրսկի և Վորոնեժի հարավարևմտյան շրջաններում և Նիժնի Նովգորոդում՝ Մոսկվայի արևելքում:
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը ռեզերվներ է դուրս բերել Ղրիմից ՝ Կիևի առաջխաղացումները հետ մղելու համար։
Բրիտանական The Independent-ի տվյալներով՝ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ին են հանձնվել ընդհանուր առմամբ մինչ 2000 ռուս զինվորականներ։
Bloomberg-ը գրել է, որ մեկ այլ ինքնիշխան տերության կողմից Ռուսաստան վերջին ներխուժումից անցել է մոտ մեկ դար։ Այժմ՝ 21-րդ դարում առաջին անգամ, ներխուժող Ուկրաինայի վերահսկողության տակ են հարյուրավոր քառակուսի մղոն Ռուսաստանի տարածքից:
Ուկրաինան առաջին անգամ իրականացրել է այն, ինչին երկու տարվա ընթացքում ուղղված էին արևմտյան խորհրդատվությունն ու աջակցությունը։ Ըստ գործակալության՝ Ռուսաստանի դեմ հարձակողական գործողությունը կբարձրացնի վստահությունն Ուկրաինայի նկատմամբ, որտեղ բնակչության գրեթե 25%-ը կա՛մ լքել է երկիրը, կա՛մ ներքին տեղահանված է: Ինչպես նշվել է, այժմ իրականանում է Պուտինի ամենավատ մղձավանջը․ «ուկրաինացիները շատ ուղիղ ճանապարհով տուն են բերում Պուտինի հարձակման հետևանքները»։
The Wall Street Jouranal-ն, իր հերթին, գրել է, որ Կուրսկի շրջանի վրա հարձակումը սպառնում է սրել ուկրաինական զինված ուժերի՝ առանց այն էլ ծանր իրավիճակն արևելյան ուղղությամբ։ Ուկրաինան, ինչպես նշվում է հրապարակման մեջ, ստիպված է «վերաբաշխել ուժերն արևելյան ճակատից», ինչը հանգեցնում է զորքերի էլ ավելի մեծ ցրման։