Երմակը Զելենսկու այցն ԱՄՆ «շատ դժվար ու բարդ» է անվանել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցն ԱՄՆ շատ բարդ էր, խոստովանել է նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Այս այցը ես գնահատում եմ որպես դժվար, շատ դժվար, բայց շատ կարևոր»,- ասել է Երմակը:
Պաշտոնյայի խոսքով՝ այցը «շատ կարևոր էր թե՛ բովանդակությամբ, թե՛ ժամանակային առումով»։ Միաժամանակ նա խորհուրդ է տվել չմոռանալ, որ ԱՄՆ-ում «շատ բարդ նախագահական քարոզարշավը շարունակվում է»։
«Միացյալ Նահանգներում նախագահական քարոզարշավը շատ լարված է, շատ զգայուն: Թե՛ նախագահի, թե՛ մեր ողջ թիմի դիրքորոշումը շատ սկզբունքային է. մենք չենք ցանկանում որևէ բան ասել, որը կարող է օգտագործվել առաջին հերթին Ուկրաինայի դեմ»,- ասել է նա։