19 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չկա մի քաղաքական ուժ, որ կարողանա միայնակ լուծել խնդիրները, առողջ քննարկում է ընթանում․ Քրիստինե Վարդանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հետ գործակցության մասին

Չկա մի քաղաքական ուժ, որ կարողանա միայնակ լուծել խնդիրները, առողջ քննարկում է ընթանում․ Քրիստինե Վարդանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հետ գործակցության մասին

Խորհրդարանական վերջին ճեպազրույցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է ԱԺ նիստերին և կառավարության հետ հարցուպատասխաններին չմասնակցելու քննադատություններին։ Նա հայտարարել է, որ ընդդիմությունը «որևէ մեկի տեղը չի զբաղեցնում», այլ ներկայացնում է այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնն են տվել:

Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը վերջին տարիներին շարունակել է իր գործունեությունը՝ բարձրացնելով հանրային կարևոր հարցեր։ Վարդանյանը նշել է, որ ընդդիմության հարցերի շնորհիվ հանրությունը տեղեկացել է Հայաստանի օկուպացված տարածքների չափի, ինչպես նաև Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի բովանդակության մասին, որը, նրա պնդմամբ, իշխանությունները չէին ցանկանում հրապարակել։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ խմբակցությունը հինգ տարվա ընթացքում ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանն ու բազմազավակ ընտանիքների աջակցության ընդլայնմանը, սակայն իշխանությունները չեն ընդունել դրանք։

Անդրադառնալով վերջին շրջանում նիստերին և հարցուպատասխաններին չմասնակցելուն՝ Վարդանյանը դա անվանել է քաղաքական մարտավարություն։

«Ուզում ենք մասնակցել՝ մասնակցում ենք, չենք ուզում՝ չենք մասնակցում։ Ուզում ենք Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու, թե չենք ուզում տալ։ Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել»,- ասել է նա։

Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը նախկինում ևս փոխել է իր գործելաոճը՝ գնահատելով տարբեր քայլերի արդյունավետությունը, և հետագայում նույնպես կարող է վերանայել իր մարտավարությունը, սակայն չի փոխի իր նպատակները։

Նա նաև շեշտել է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն ստանում աշխատավարձ այն նիստերի համար, որոնց չեն մասնակցում՝ կոչ անելով դադարեցնել այդ թեմայով շրջանառվող գնահատականները։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հետ հնարավոր համագործակցության թեմային՝ Վարդանյանը հիշեցրել է, որ «Հայաստան» դաշինքը դեռևս ընտրական շրջանում էր խոսում ընդդիմադիր ուժերի համագործակցության անհրաժեշտության մասին։

«Ստեղծված իրավիճակում չկա մի քաղաքական ուժ կամ անհատ, որը կարող է միայնակ լուծել խնդիրները։ Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով»,- նշել է նա։

Միաժամանակ պատգամավորը հրաժարվել է մանրամասներ հայտնել հնարավոր հանդիպումների կամ բանակցությունների վերաբերյալ՝ նշելով միայն, որ ընթանում են «առողջ քննարկումներ», որոնց արդյունքները, իր գնահատմամբ, տեսանելի կդառնան առաջիկայում։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու հռետորաբանությունը ևս նպաստում են, որ ընդդիմադիր ուժերն ավելի լավ գիտակցեն համագործակցության անհրաժեշտությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026