
Մեզ համար շատ կարևոր է մեկնել Բաքու և տեսնել մեր հարազատներին․ Վերոնիկա Զոնաբենդ․ Mediamax
Մեդիամաքսը հարցազրույց է իրականացրել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ:
– Վերոնիկա՛, ի՞նչ գիտեք Ռուբենի այսօրվա վիճակի մասին: Որտե՞ղ է նա գտնվում, ինչպե՞ս եք կապ պահպանում:
– Մենք Ռուբենի մասին ավելի քիչ գիտենք, քան ընտանիքը պետք է իմանա հարազատ մարդու մասին: Տեղեկատվության հիմնական աղբյուրը հազվադեպ հեռախոսազրույցներն են, որոնք հանգստություն չեն բերում: Ընդհակառակը, զրույցն ավարտելուց հետո մտքումդ պտտում ես ամեն մի բառը. ինչպե՞ս էր հնչում ձայնը, հոգնածություն կար՞, արդյոք չէ՞ր փորձում ինչ-որ բան թաքցնել, որ մեզ չանհանգստացնի:
Վերջին անգամ Ռուբենն ասել էր, որ իրեն եւ մյուս հայ գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից: Այդ ժամանակ նա ինքն էլ դեռ չգիտեր, թե որտեղ: Ավելի ուշ իմացանք, որ դա Բաքվի Ղարադաղի շրջանի «Ումբակի» բանտային համալիրն է:
Առողջության մասին գիտենք միայն իր խոսքերից: Նա ասել է, որ բժշկական զննություն է անցել, եւ որ ամեն ինչ կարգին է: Բայց Ռուբենը միշտ փորձում է մեզ հանգստացնել, ուստի ընտանիքի համար դա չի կարող փոխարինել անկախ տեղեկատվությանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հեռանալուց հետո մենք կորցրեցինք անգամ վստահության այն նվազագույն խողովակը, որն ունեինք նախկինում: ԿԽՄԿ-ի միջոցով ընտանիքը հնարավորություն ուներ հինգ րոպեանոց տեսանյութ փոխանցել Ռուբենին, ինքն էլ՝ մեզ: Հիմա նա մեզ չի տեսնում: Մենք չենք տեսնում նրան: Նա չի տեսել, թե ինչպես է մեծանում իր թոռնիկը, որն արդեն երկու տարեկան է: Օր օրի սպասում ենք եւս մեկ թոռնիկի ծնվելուն: Ընտանիքի համար դա ուրախություն է, բայց այդ ուրախության կողքին միշտ ցավ կա. Ռուբենը մեզ հետ չէ: Նա չի կարող տեսնել, թե ինչպես են մեծանում իր զավակներն ու թոռները:
Հաճախ եմ մտածում այն մասին, թե որքան արագ «ընթացակարգեր», «լիազորություններ», «բանակցություններ» բառերի հետեւում անհետանում է մարդը: Եվ խոսքը միայն Ռուբենի մասին չէ: Խոսքը բոլոր հայ գերիների եւ նրանց ընտանիքների մասին է, որոնք արդեն գրեթե երեք տարի ապրում են հույսի եւ անհայտության արանքում: Դրան չի կարելի հարմարվել:
– Վերջերս Ռուբենը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: Ի՞նչն էր Ձեզ համար ամենակարեւորն այդ դիմումի մեջ, եւ ի՞նչ արձագանք էիք ակնկալում:
– Ամենակարեւորն այն էր, որ նա խնդրում էր ամենատարրական բաների մասին՝ ընտանիքի հետ կապի, գրքեր եւ ծանրոցներ փոխանցելու հնարավորության, հարազատ մարդու հետ տեղի ունեցողի մասին տեղեկացված լինելու ընտանիքի իրավունքի մասին:
Երբ մարդը գրեթե երեք տարի գտնվում է անազատության մեջ, նման բաները դադարում են կենցաղային լինել: Հարազատների ձայնը, երեխայի լուսանկարը, գիրքը, ամենաանհրաժեշտը փոխանցելու հնարավորությունը՝ այս ամենն ուժ է տալիս եւ դառնում ներքին առանցքի մի մաս, որն օգնում է նման անմարդկային պայմաններում պահպանել արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի հանդեպ:
Մեզ համար շատ կարեւոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին: Բայց նման ուղեւորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից: Ուղեւորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական եւ միջազգային երաշխիքների ներքո՝ անվտանգ մուտք, այցելություն, կեցություն եւ վերադարձ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն քաղաքացիության պետությունը պետք է հնարավոր բոլոր դիվանագիտական եւ հումանիտար խողովակներով հասնի իր քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությանը: Սա միջազգային նորմալ պրակտիկա է, այլ ոչ թե քաղաքական պահանջ:
Հասկանում եմ, որ ցանկացած ինստիտուտ ունի լիազորություններ, ընթացակարգեր, սահմանափակումներ: Բայց լինում են իրավիճակներ, երբ միայն ձեւական պատասխանը քիչ է: Ընտանիքները ոչ միայն իրավական ձեւակերպման են սպասում: Նրանք ակնկալում են մարդկային վերաբերմունք, որ ինչ-որ մեկը կփորձի ճանապարհ գտնել եւ ջանք կգործադրել՝ օգնելու իր հայրենակիցներին: Անգամ եթե ընդունենք, որ այս կամ այն պաշտոնատար անձի մանդատը որոշակի գործողություններ չի նախատեսում, կամքի առկայության դեպքում կարելի է սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու այն մեխանիզմներ գտնել:
Ինձ անհանգստացնում է ոչ միայն կոնկրետ պատասխանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ այս թեմային կարելի է հարմարվել։ Հարմարվել այն մտքին, որ հայրենակիցները պատանդի կարգավիճակում մնում են անազատության մեջ։ Որ ընտանիքները չեն տեսնում իրենց ամուսիններին, հայրերին, որդիներին։ Որ երեխաները մեծանում են՝ առանց հարազատ մարդուն գրկելու հնարավորության։ Այդ հարմարվելը շատ վտանգավոր է. այն աննկատ փոխում է հասարակությունը։
Ես չեմ ուզում մարդու հանդեպ վերաբերմունքը չափել միայն նրա վաստակով։ Բայց չի կարելի մոռանալ՝ Ռուբենը եւ շատ մարդիկ, ովքեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում, շատ մեծ գործ են արել Հայաստանի համար։ Մեկը ծառայել է, մյուսը՝ պաշտպանել, մեկ ուրիշը երկար տարիներ աշխատել է հանուն երկրի եւ նրա ապագայի։ Ինձ թվում է՝ նրանք բավականաչափ բան են արել Հայրենիքի համար, որպեսզի այսօր Հայրենիքը գոնե օգնի ընտանիքներին տեսնել նրանց։
Ես չեմ խոսում քաղաքականության մասին։ Ես խոսում եմ մարդկային վերաբերմունքի մասին։ Յուրաքանչյուր անվան հետեւում կանգնած է կոնկրետ մարդու եւ նրա ընտանիքի կյանքը՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը եւ որքանով նա հայտնի է:
Ռուբենը պատմում էր, որ հայ գերիներից մեկը 75 տարեկան է, նա 17 թոռ ունի։ Ինչպե՞ս բացատրել նրանց, որ այն մարդը, ում նրանք սիրում են եւ հպարտանում են նրանով, բանտում է հայտնվել միայն նրա համար, որ հայ է, ապրել է իր պապերի հողի վրա, եւ որ իր հարազատներից բացի դա ոչ ոքի չի հետաքրքրում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


