
Աղետալի ջրհեղեղներ և անոմալ շոգեր․ տարբեր երկրներում խափանվել են հիվանդանոցների աշխատանքները, հազարավոր մարդիկ տարհանվել են
Ճապոնիայում անցած շաբաթվա ընթացքում հաստատված շոգի պատճառով ավելի քան 9500 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով։ Նրանցից 18-ը մահացել է։ Ջերմային հարվածներից տուժածների գրեթե 58%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են։
Ճապոնիայում ծայրահեղ շոգ եղանակ է հաստատվել հունիսից։ Միայն Գունմա պրեֆեկտուրայի Իսեսակի քաղաքում ջերմաստիճանը կազմել է 41.8 աստիճան ցելսիուս, որը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 41.2 աստիճան ցելսիուս, որը սահմանվել էր անցյալ շաբաթ մեկ այլ պրեֆեկտուրայում։
Միևնույն ժամանակ՝ Հնդկաստանում ջրհեղեղներ են։ Ուտարկաշի քաղաքում ջրհեղեղի հետևանքով անհետ կորել է ավելի քան 50 մարդ։
Տեղական հեռուստատեսության կադրերում երևում է, թե ինչպես է հորդառատ ջուրը հոսում լեռան ստորոտում գտնվող գյուղի վրա՝ քշելով տներ և ճանապարհ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կոչ են արել տեղացիներին հեռու մնալ գետերից, քանի որ ջրի մակարդակը բարձրանում է։
Հոնկոնգում ևս հորդառատ անձրևներ են։ Դրանց պատճառով՝ խափանվել են հիվանդանոցների գործունեությունը, փակվել դպրոցներն ու դատարանները։
Քաղաքի օդերևութաբանական իշխանությունները հայտնել են, որ Հոնկոնգում ժամը 14:00-ի դրությամբ 350 մմ-ից (13.8 դյույմ) ավելի անձրև էր տեղացել, ինչը 1884 թվականից ի վեր ամենաբարձր օրական տեղումն է։
Տեղատարափ անձրևի պատճառով փակվել են քաղաքի հիվանդանոցները։
Ծայրահեղ տեղումներն ու աղետալի ջրհեղեղները, որոնք օդերևութաբանները կապում են կլիմայի փոփոխության հետ, մեծ մարտահրավերներ են ստեղծում մայրցամաքային Չինաստանի պաշտոնյաների համար՝ մարդկանց մահվան, տեղահանման պատճառ և սպառնալով միլիարդավոր դոլարների տնտեսական վնասներով։


