Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ-ի և այլ ասոցիացիաների միջև․ Միշուստին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ–ի և այլ ասոցիացիաների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ–ում ավելի ու ավելի շատ են գործնական համագործակցության ոլորտները. միևնույն ժամանակ, միությունը, բաց է բոլորի համար, ովքեր պատրաստ են փոխշահավետ և իրավահավասար գործընկերության։
Միշուստինը նշել է, որ Չինաստանի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակվում է։ Վիետնամի, Իրանի, Սերբիայի հետ կյանքի են կոչվում ազատ առևտրի համաձայնագրեր։ Այս տարի բանակցություններ են վարվել Մոնղոլիայի հետ՝ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ։ Պայմանագրեր են մշակվում ԱՄԷ–ի և Ինդոնեզիայի հետ, միևնույն ժամանակ՝ ակտիվ երկխոսություն է հաստատվել տարածաշրջանային ասոցիացիաների հետ:
ՌԴ վարչապետի խոսքով՝ այս ամենը կնպաստի ինչպես ԵԱՏՄ–ի դերի բարձրացմանը միջազգային ասպարեզում, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման նախաձեռնությանը։
«Մենք միասին աշխատում ենք ինտեգրման յուրաքանչյուր մասնակցի ներուժը լիարժեք իրացնելու, տնտեսական աճի հնարավորություններ ստեղծելու և հիմնարար ազատությունների, ապրանքների և ծառայությունների տեղաշարժի, ֆինանսների և մարդկային կապիտալի ապահովման համար: Ամենակարևորը մեր քաղաքացիների բարեկեցությունը բարելավելն է»,- նշել է ՌԴ կառավարության ղեկավարը։