
Գեղամ Մանուկյանը Փաշինյանի հայտարարության մասով դիմել է ԱԱԾ տնօրենին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ։
«Հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մեր գործընկերուհի Քրիստինե Վարդանյանի հարցին, «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմի մասնակցելու ու խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է պետական դավաճանության հոդվածի տարրեր։ Նիկոլ Փաշինյանի բառացի արտասանված խոսքերը նամակում կցել եմ և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հորդորել եմ ընդունել սա հաղորդում հանցագործության մասին»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ ամեն անպատասխանատու հայտարարություն պետք է անպատասխան չմնա։
«Տեսնենք՝ ո՞վ է Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ արել և անում, ո՞վ է օտար երկրների բառապաշարը Հայաստանի Հանրապետությունում օգտագործում և ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ»,-ասել է Մանուկյանը։