
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել պատժել ադրբեջանցի պաշտոնյաներին
Ամերիկյան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Այս նախաձեռնության առթիվ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը, որը նախաձեռնել են Դինա Տայթուսն ու Քրիս Սմիթը, հզոր ուղերձ է առ այն, որ Ամերիկան պետք է կանգնի արդարության և պատասխանատվության կողմը։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են այս նամակը և անհապաղ պահանջում են «Մագնիցկու պատժամիջոցներ»՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են պատերազմական հանցագործությունների և հայ ռազմագերիների ու քաղաքական առաջնորդների անօրինական կալանքների մեջ։ Տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ազատել անօրինական կերպով պահվող բոլոր հայերին, ադրբեջանական զորքերը դուրս բերել հայկական տարածքներից և, իհարկե, պաշտպանել Արցախի հայ ժողովրդի իրավունքը՝ արժանապատվորեն ու ապահով վերադառնալու իրենց պատմական հայրենիք»։