
Ի՞նչ է «Ազգային աղոթքի նախաճաշը», որտեղի՞ց է այն գալիս և ի՞նչ նպատակ ունի
Այս օրերին Երևանում անցկացվում է «Աղոթքի նախաճաշ» անվանումով միջոցառումը, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած հյուրեր ու ՀՀ պաշտոնատար դեմքեր։
Սակայն որտեղի՞ց են գալիս այս միջոցառման ակունքները։
Պարզվում է՝ ակունքներն ԱՄՆ-ից են․ «Ազգային աղոթքի նախաճաշը» Վաշինգտոնում անցկացվող ամենամյա միջոցառում է, որը միավորում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, բիզնես էլիտային, դիվանագետներին և կրոնական առաջնորդներին: Այն միշտ անցկացվում է փետրվարին, հիմնականում՝ Washington Hilton հյուրանոցում:
Կազմակերպիչներն են ԱՄՆ Կոնգրեսն ու Fellowship Foundation ոչ առևտրային կրոնական կազմակերպությունը: Այն առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ մայրաքաղաքում 1953 թվականին․ այդ ժամանակ միջոցառմանը ելույթ է ունեցել 34-րդ նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերը: 1953 թվականից ի վեր ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ մասնակցել է միջոցառմանը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։
Նախաճաշի հիմնական նպատակն է մի վայրում հավաքել աշխարհի առաջնորդներին և բացի աղոթքից, քարոզներից (որոնք կարդում են ԱՄՆ նախագահը և հրավիրված հյուրերը) և բարեկամական շփումից, քննարկել նաև գործնական հարցեր:
Այս տարվա «ամերիկյան նախաճաշին» մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է նման «նախաճաշ» կազմակերպել նաև Երևանում։ Այսօր արդեն նրա աջակցությամբ հասարակական կազմակերպությունները կազմակերպել են «Աղոթքի նախաճաշ» Երևանում, որին, ըստ պաշտոնական տեղեկության, մասնակցում է 300 մարդ` Հայաստանից և արտերկրից։
Ըստ Փաշինյանի՝ «Աղոթքի նախաճաշի» նպատակն է ՀՀ-ն դիտարկել որպես կրոնական ազատությանն ուղղված երկիր։


