
Ադրբեջանի հետ դեռ կան չլուծված հարցեր, պահվող անձինք ունենք, բայց ուղին շատ լավատեսական է․ Արարատ Միրզոյան
Մենք սահմաններ ունենք 4 երկրի հետ, հյուսիսում Վրաստանը, որի հետ միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ, հարավում Իրանը, որի հետ ևս միշտ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ։ Իսկ արևմուտքում և արևելքում ունենք Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ ունենք փակ սահմաններ․ «Երևանյան երկխոսություն. Հարավային Կովկաս, խաղաղության և համագործակցության հեռանկարներ» պանելային քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Արդեն իսկ իրական խաղաղություն ունենք, արդեն դժբախտ պատահարներ չեն գրանցվում Ադրբեջանի հետ սահմանին։ Ավելին՝ Ադրբեջանը վերացրել է ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան։ Ադրբեջանի հետ սկսել ենք երկկողմանի առևտուր, նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև կվաճառենք որոշ մթերքներ ադրբեջանական ընկերություններին, ուստի՝ սա իսկապես խաղաղության ապացույց է»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Սակայն, ըստ նրա, դեռ կան չլուծված հարցեր։
«Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, և վերքերը շատ թարմ են։ Եվ 2 համայնքներն էլ դեռ կարիք ունեն իրական հաշտեցման։ Դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես՝ հումանիտար կարգի․ պահվող անձինք ունենք Բաքվում»,- նշեց նախարարը։
Բայց, ըստ նրա, հաշտեցման ուղին շատ լավատեսական է։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ իրավիճակն է՛լ ավելի լավ է․ «Հրաշալի երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բազմաթիվ առիթներ են եղել համագործակցության, հենց երեկ մեր ներկայացուցիչները մի հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու պատմական Անիի կամուրջը»։
Նա համոզված է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի․ «Վստահ եմ և կարող եմ վստահորեն ասել, որ դա տեղի է ունենալու, քանի որ հայ-թուրքական երկխոսությունը, այսպես ասեմ, հասունացել է, որպեսզի նպաստավոր արդյունքի հասնենք»։


