
Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ լինելու» մասին խոսքերը շատ տրամաբանական են․ Քրիստինե Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ լինելու» մասին խոսքերը շատ տրամաբանական են․ այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցի, թե ո՞րն է այդ երկիրը, որը պետք է սկսի այդ պատերազմը մեր դեմ, արդյոք կա՞ն նման տեղեկություններ։
«Մենք որևէ իրադարձության չենք սպասում տեղեկություններ հավաքելու Հայաստանի անվտանգային ռիսկերի վերաբերյալ, և դա անում ենք 24/7 ռեժիմով։ Ինչ վերաբերում է պարոն վարչապետի հայտարարությանը, կարծում եմ՝ շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Նրա ասածը հետևյալն է՝ եթե նախընտրական փուլում մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց՝ ասելով, որ այս խոսքերից հետևում է, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, և խոսքը եղել է քաղաքական հայտարարության մասին։


