
Հունգարիայի իշխանությունները կդադարեցնեն աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Հունիսի 5-ից սկսած՝ Հունգարիայի իշխանությունները կդադարեցնեն աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին, ինչպես գրում է Euronews-ը, հայտարարել է կառավարության խոսնակ Վանդա Սոնդին՝ որոշումը որակելով որպես արտասահմանյան աշխատուժի վերաբերյալ քաղաքականության խստացման առաջին փուլ։
Նախկինում վարչապետ Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը, որն իշխանության եկավ ապրիլի 12-ի ընտրություններում հաղթանակից հետո, հայտարարել էր հունիսից ոչ ԵՄ անդամ երկրներից աշխատողներին վիզաների տրամադրումը դադարեցնելու մտադրության մասին։
Սոնդիի խոսքով՝ իշխանությունները մտադիր են սահմանափակել արտասահմանյան աշխատողների զբաղվածությունը՝ մտահոգությունների պատճառով, որ նրանց ներհոսքն ազդում է տեղական աշխատավարձերի վրա։ Հունիսի 5-ից ուժի մեջ կմտնեն նաև այն հրամանագրի փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս աշխատանքի տեղավորման գործակալություններին պարզեցված ընթացակարգով աշխատողներ վարձել Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից։ Միևնույն ժամանակ, Հունգարիայում արդեն գտնվող օտարերկրացիները կկարողանան երկարաձգել իրենց վիզաների ժամկետը, և նախկինում ներկայացված դիմումները կմշակվեն սովորականի պես։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա աշխատողները կազմում են երկրի աշխատուժի մոտ 2%-ը, սակայն մի շարք ոլորտներ, այդ թվում՝ ծառայությունների և արտադրության ոլորտները, մեծապես կախված են օտարերկրյա աշխատողներից։ Որոշ խոշոր օտարերկրյա ներդրողներ արդեն զգուշացրել են, որ օտարերկրյա աշխատողների հոսքի լիակատար սահմանափակումը կարող է բացասաբար անդրադառնալ Հունգարիայի տնտեսության և կորպորատիվ գործունեության վրա։


