16 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկ ստորագրությամբ չի կարող լուծարվել հանրաքվեով հռչակված պետությունը

Մեկ ստորագրությամբ չի կարող լուծարվել հանրաքվեով հռչակված պետությունը

Լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 10-ին Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որը, սակայն, չի հրապարակվում։ Նույն լրատվամիջոցները նաև չհրապարակման պատճառն են նշում․ գործող իշխանությունը կարծում է, թե դրանով վտանգելու են ՀՀ անվտանգությունը, իսկ խաղաղության պայմանագիրը կամ չի ստորագրվի, կամ նոր պայմաններ կհայտնվեն սեղանին։



Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ինչպես նախկինում, այսօր ևս նշում է, որ Արցախի լուծարման մասին որևէ փաստաթուղթ չի կարող իրավական ուժ ունենալ՝ անկախ ստորագրողից։ Խոսելով դեկտեմբերի 10-ին հրամանագիրը չեղարկելու մասին՝ պատգամավորը նշել է․  «Ո՛չ կհաստատեմ, ո՛չ կհերքեմ, որովհետև դա միայն կարող է հաստատել կամ հերքել պարոն Շահրամանյանը։ Իհարկե, հանդիպումներ ունեցել ենք Արցախի նախագահի հետ, բայց կոնկրետ մեր խմբակցությունը, քաղաքական թիմը նման հարցեր չենք տալիս ու չենք քննարկում։ Գտնում ենք, որ այդ թեզը՝ հրամանագրի հետ կապված, դաշտ է նետել Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ականներով, տարբեր խմբակներով, որպեսզի հասնեն այն ամենին, ինչ իրենք ծրագրավորել են։ Այսինքն՝ հայտարարվեր, հռչակվեր, որ լուծարվում է Արցախի Հանրապետությունը»։

 


ABC media-ն զրուցել է նաև Արցախի ԱԺ խորհրդարանական Վահրամ Բալայանի հետ։ Հարցին՝ արդյոք տեղյա՞կ է Արցախի լուծարումը չեղարկող հրամանագրի առկայության մասին, Բալայանը պատասխանել է, որ որոշ տեղեկություններ ունի միայն, բայց հստակ չի կարող ասել։



«Մանրամասներից տեղյակ չեմ, սակայն հստակ կարող եմ ասել, որ մեկ ստորագրությամբ չի կարող լուծարվել հանրաքվեով հռչակված պետությունը»,-ասել է նա։
 
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել։ Բռնի տեղահանությունից հետո նախագահը հայտարարել էր՝ հրամանագիրը ստորագվել է կյանքի սպառնալիքով։