
Ո՛չ ես, ո՛չ մայրս, ո՛չ քույրս չենք կարող տեսակցել եղբորս, եթե մայրս տեսակցի Սեդրակին, այս գործը փլվելո՞ւ է, հա՞․ Լևոն Քոչարյան
Ունենք մի իրավիճակ, երբ մեր տնից 3 չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, իմ մասով, ինչպես գիտեք, այդ անհեթեթ գործը դատարանում է, հիմա էլ կալանավորել են հորս ու նաև եղբորս, այս ամենը նույն տրամաբանության մեջ է․ այսօր Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ու փաստաբանների ասուլիսում ասաց Լևոն Քոչարյանը։
«Եղբայրս ամուր է, պինդ է։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով պետք է տղային էլ բանտարկի ու սրանով ինչ-որ արդյունքի հասնի, վստահեցնում եմ՝ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում»,- ասաց նա։
Լևոն Քոչարյանը նշեց, որ չի կարողանում տեսակցել եղբորը․ «Մայրս էլ չի կարող տեսակցել, քույրս էլ, ինչի՞ համար, ո՞րն է նպատակը, եթե, օրինակ, մայրս գնա Սեդրակին տեսնի, այս գործը փլվելո՞ւ է, հա՞, կամ երբ ես տեսնեմ, կամ քույրս կարողանա այցելել․․․»։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նշեց, որ ակնհայտ է, որ Սեդրակ Քոչարյանի կալանավորումը մի նպատակ է հետապնդում՝ ճնշում գործադրել նախագահ Քոչարյանի վրա։
«Գիտեք, որ նախագահ Քոչարյանն արդեն 4-րդ անգամ է կալանավորված, և բոլորի համար հասկանալի է, որ վերջինս երբևէ չի գնալու պայմանավորվածության։ Հիմա փորձում են այլ ճնշման մեխանիզմներ կիրառել, էլի պարզ է, որ իրենց արդյունքին չեն հասնի, բայց տրամաբանությունը դա է»,- ասաց խմբակցության ղեկավարը։


