
Երկրի ղեկավարը՝ մեղադրյալի աթոռին, ո՞վ և ինչու՞ է դատի տալիս Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում ոչ միայն քաղաքական, այլև դատական քննարկումների կենտրոնում։
Վերջին հայցերից մեկը վերաբերում է Փաշինյանի՝ 2026 թվականի հունիսի 11-ի հայտարարությանը, երբ նա ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է «100 տոկոսով օրգանիկ քվե», իսկ մյուս քաղաքական ուժերը՝ «100 տոկոսով ընտրակաշառքով քվե»։ Հայցվորը հայտարարությունը համարում է զրպարտություն և դատարանից պահանջում է դրա հրապարակային հերքում։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված է 24 քաղաքացիական և 4 վարչական վարույթ։ Քաղաքացիական գործերի զգալի մասը վերաբերում է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ պահանջներին։ Հայաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ երկրի ղեկավարի դեմ նման ծավալի դատական հայցեր չեն եղել։
«ՀՀ Սահմանադրությունն ու օրենքներն և միջազգային իրավունքը այսքան ցուցադրաբար և զանգվածային չի խախտվել՝ հրապարակային հայտարարություններով և գործողություններով։ Սա աննախադեպ է։ Նա (Փաշինյանը խմբ.) չի ասում՝ սխալ եմ արել, այլ պարծենում է»,-պնդել է Ալավերդյանը։
Իրավաբանները հիշեցնում են, որ դատարանում պատասխանող կարող է լինել ցանկացած քաղաքացի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Միևնույն ժամանակ, որքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է նաև պատասխանատվությունը հրապարակային խոսքի համար, քանի որ այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ մարդկանց հեղինակության, հասարակական կարծիքի և քաղաքական գործընթացների վրա։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ չնայած նման գործերով դատարան դիմելը հաճախ բարդ և երկարատև գործընթաց է, այդուամենայնիվ կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են անցնել այդ ճանապարհը։
«Կան կամային մարդիկ, որոնք, անկախ ամեն ինչից ու անկախ արդյունքից, գնահատելով պրոցեսը, գնում են այդ քայլին՝ հասկանալով և գիտակցելով գործընթացի հնարավոր բոլոր բացասական հետևանքները՝ հաշվի առնելով այդ անձի (Փաշինյանի խմբ.) մանրախնդիր և քինախնդիր լինելու հատկությունը»,-ասել է փաստաբանը։
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հռետորաբանությունը պատահական չէ, այն արտացոլում է նրանց որդեգրած քաղաքական գիծը։
«Ինքը խնդիր ունի ապացուցելու արտաքին ու ներքին լսարանին, որ այդպես է պետք հայերի հետ վարվել։ Ես դեռ 2018 թվականի սեպտեմբերին հայտարարել եմ և մնում եմ նույն կարծիքին, որ այս թիմը եկել է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու ու հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականություն վարելու»,-վստահ է Ալավերդյանը։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ ուշադրություն է հրավիրում երկրի ղեկավարի խոսքի արժեքի վրա՝ նշելով, որ այն պետք է լինի կանխատեսելի և պատասխանատու։
«Իր շուրթերից հնչող խոսքը դարձել է անարժեք մի բան։ Կարող է այսօր մի բան ասել, մյուս օրը՝ մեկ ուրիշ։ Զրպարտել, վիրավորել, ահաբեկել մարդկանց, հետո թաքնվել պատճառաբանությունների հետևում։ Շատ երանությամբ եմ հիշում այն ժամանակները, երբ երկրի ղեկավարի խոսքն իսկապես ծանրակշիռ էր»,-ասել է Սողոյանը։
Թե ինչ ավարտ կունենան Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված դատական գործերը, կորոշեն դատարանները։ Սակայն արդեն այսօր դրանք դարձել են ոչ միայն առանձին իրավական վեճերի, այլև ավելի լայն քննարկման առարկա՝ այն մասին, թե որտեղ է անցնում հրապարակային խոսքի, քաղաքական պատասխանատվության և իրավական հաշվետվողականության սահմանը։
Գառնի Մութաֆյան





