Ադրբեջանը շարունակում է հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ։
«1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին»,֊ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։
«Այսօր էլ, արդեն Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին։
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին»,- ասվում է հայտարարությունում»,-նշել են ԱԳՆ-ից։