ABCMEDIA
Անկախությունը ձեզնից պիտի պաշտպանել․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Անկախությունը ձեզնից պիտի պաշտպանել․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց գյուղից իր երախտիքն է հայտնել այն մարդկանց, ովքեր ականջալուր են եղել տավուշցիների հորդորին ու արդեն մի քանի օր է՝ Հանրապետության տարբեր շրջաններում ակցիաներ են իրականացնում՝ հաջակցություն Տավուշի։

«Տավուշ աշխարհի խնդիրների լուծումը գտնվում է ողջ Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում։ Ուրախ եմ, որ երեկվա ձեր անհնազանդության ակցիաները, խաղաղ ու օրինական կերպով տարբեր ուղղություններով արտահայտել եք»,-նշել է Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ իշխանության սկսած գործընթացն անօրինական է և պետք է կասեցնել։ «Փորձում են այնպես ներկայացնել, թե մեր պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանկանում են մեր միջոցով բախումներ հրահրել, այսպես ասած, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բախումներ հրահրողն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառ դարձած մարդիկ էլ եք դուք։ Ի վերջո հասկացեք, որ դուք եք իշխանություն։ Մենք չենք կարող ձեզ անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, որովհետև դուք իշխանություն չեք։ Բնույթով չեք, գիտակցությամբ ու ապրումներով իշխանություն չեք։ Եթե չեք հասկացել, որ դուք իշխանություն եք, ուրեմն հասկացեք, որ իշխանություն չեք։ Անկախության ականքներում կանգնած ու դրան հասած մարդկանցից մի փորձեք պաշտպանել մեր անկախությունը, այն ձեզնից պիտի պաշտպանել»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Նա կոչ է արել չդադարեցնել ակցիաները, այլ ընդլայնել շարքերը։ Դիմելով ոստիկաններին՝ Սրբազանն ասել է․ «Ժողովուրդը ձեզ հետ բախվելու ոչ միտում ունի, ոչ էլ ցանկություն։ Տղե՛րք, դուք կոչված եք ճշմարտությանը ծառայել, ոչ ստին»։