ABCMEDIA
Բագրատ Սրբազանին եմ տեսնում վարչապետի պաշտոնում․ Վարդան Օսկանյան

Բագրատ Սրբազանին եմ տեսնում վարչապետի պաշտոնում․ Վարդան Օսկանյան

Երեկ մասնակցել եմ համազգային շարժմանը, որն, իրապես, տպավորիչ էր։Հրապարակում հավաքված 75 000 մասնակից եկել էր պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Սա համազգային շարժում է, որն ունի երկու առանձնահատուկությունը։ Առաջինը՝ այն ղեկավարվում է մեկ մարդու կողմից, որին կարելի է վստահել՝ հանձին Բագրատ Սրբազանի։ Երկրորդը՝ այս շարժումը շատ հստակ ուղերձ ունի․ Նիկոլ Փաշինյան չես կարողացել երկիրը ղեկավարել, կառավարել, չես կարողանում երկիրը ղեկավարել և ակնհայտ է՝ չես կարողանալու երկիրը ղեկավարել։ Դու երկիրը դրել ես շատ ծանր իրավիճակում՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին հարցերում։ Դու տապալել ես ամեն ինչ, որի վկան այսօրվա արդյունքներն են։ Դու կորցրել ես մեր հայրենիքի մի կարևոր հատվածը՝ Արցախը՝ այն դատարկելով։ Դու կորցրել ես Հայաստանից տարածքներ։ Դու զոհեր ես տվել՝ քո սխալների պատճառով։ Դու կորցրել ես մեր դաշնակիցներին, խճճվել աշխարհաքաղաքական այդ խաղերի մեջ, որից անհատապես չես կարող դուրս գալ։ Նոր, թարմ մտքով մարդ է պետք, որ այդ կապանքները, որ տարիների ընթացքում ստեղծել ես, չունենա։ Այս պահանջը իսկապես շատ արդար ու կարևոր է, որը կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով»,- ասել է Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով երեկ հրապարակում Բագրատ Սրբազանի՝ Փաշինյան տրված հնարավորությունից (իրավիճակը ճիշտ գնահատելու և հրաժարական տալու)՝ Վարդան Օսկանյանը նշել է, որ Բագրատ Սրբազանը պատրաստ է հանդիպել Փաշինյանին ու քննարկել՝ ինչպես կարելի է անցնցում անցկացնել Փաշինյանի հրաժարական տալն ու նոր վարչապետ ընտրելու անցումային փուլը։

«Ես կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհին է, երեկ էլ հայտարարեց, որ քննարկումներ է իրականացնում քաղաքական, հիմնականում, խորհրդարանական ուժերի հետ։ Սահմանադրությունը պահանջում է, որ անվստահություն հայտնողները ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին, որը իմ կարծիքով՝ հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ հենց ինքը պետք է լինի, որովհետև այս Կառավարությունը լինելու է ժամանակավոր՝ մոտ մեկ տարի, որից հետո կկարգավորվի ամեն ինչ, հայ ժողովուրդը կուղղի մեջքը և կիրականացնի արդար ընտրություններ։ Իրոք, այս անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այն մարդն է, որ սկսել է այս գործընթացն ու ցույց տվել, որ վճռական է։ Որպեսզի այս գոչծընթացը լինի սահուն պետք է հաշվի առնել երկու բան․ մեկը՝ ժողովրդի աջակցությունն է, մյուսը՝ ՔՊ-ականների մասնակցությունը։ Ժամանակն է, որ նրանք վերանայեն այս տարիների իրենց մոտեցումները, ուժ գտնել ու օգտվել Սահմանադրությամբ իրենց տրված հնրավորությունից։ Նրանք անկախ են իրենց որոշումներում։ Ուզում եմ հույս հայտնել, որ կկարողանան ճիշտ գնահատել իրավիճակն ու ճիշտ ընտրություն իրականացնել»։

Վարդան Օսկանյանը, կոչ անելով ժողովրդին, նշել է, որ յուրաքանչյուրս այս ընթացքում պետք է լինի Բագրատ Սրբազանի զինվորը, իրականացնեն այն, ինչ նա կդնի ժողովրդի առաջ՝ վստահեցնելով՝ Սրբազանը ժողովրդին չի ներքաշի այնպիսի գործողությունների մեջ, որը կվտանգի մարդկանց։