11 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանների ուղղությամբ շիշ նետողին մեկուսացնելու փոխարեն այլ մարդկանց դեմ են քրգործ հարուցում. Մենուա Սողոմոնյան

Ոստիկանների ուղղությամբ շիշ նետողին մեկուսացնելու փոխարեն այլ մարդկանց դեմ են քրգործ հարուցում. Մենուա Սողոմոնյան

Ոստիկանության մեջ կան մարդիկ, որոնց պետք է պատասխանատվության ենթարկել, նրանք սադրիչներ են, չգիտեմ՝ ինչի դիմաց հատուկ սադրանքների են դիմում կամ ստեղծում են իրավիճակներ, որ սադրանքներ տեղի ունենան. ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԱԳՆ մոտ տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով 29 ցուցարար է ձերբակալվել:

«Եթե ամբոխի միջից՝ մարդկանց մեջտեղի մասից շիշ են շպրտում, և ոչ թե նրան են անմիջապես մեկուսացնում, այլ այն մարդկանց, որոնք նման բան չեն արել,տացվում է՝ ցանկացած պահի կարող են գալ, ասել զանգվածային անկարգություն ես անում: Սա ամենաթողություն է, սրանով պետք է զբաղվեն պատկան մարմիններ, պարզելու, թե ում ցուցումով ու վկայությամբ է  այդ 29 մարդու նկատմամբ քրեական գործ հարուցվում»,-ասել է Մենուա Սողոմոնյանը:

Նա չի բացառել, որ 29-ից ինչ-որ մեկը կարող է ինչ֊որ բան արած լինի: «Բայց նրանց մեծ մասին ճանաչում եմ և վստահ եմ, որ այդ մարդիկ սադրանքի հետ կապ չունեն, այստեղ գործ ունենք զրպարտության, սուտ վկայության հետ»,-ասել է նա:

Մենուա Սողոմոնյանը նշել է, որ այն ոստիկանները, որոնք պնդում են, թե այս մարդիկ անկարգություն են իրականացրել, պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե պարզվի, որ նման բան չի եղել: