05 Դեկ
2024
-3.7° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լրացուցիչ ուժեր են ներգրավվում․ ԱԱԾ–ն` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

Լրացուցիչ ուժեր են ներգրավվում․ ԱԱԾ–ն` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

ՌԴ սահմանապահները մինչև օգոստոսի 1-ը կլքեն «Զվարթնոց» օդանավակայանը։ Արդեն հիմա մտավախություն կա, որ առանց նրանց հայ սահմանապահները կարող են անձնագրային հսկողության ժամանակ ուղևորների սպասարկման հետ կապված խնդիրներ ունենալ, հատկապես ամառային ծանրաբեռնվածության շրջանում:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը լրացուցիչ ուժեր է ներգրավում` կապված ՌԴ սահմանապահների առաջիկա դուրսբերման հետ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան  հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» անցման կետում սահմանային վերահսկողության գործառույթի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով նշված անցման կետից ՌԴ սահմանապահների դուրս գալուն զուգահեռ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու ուղղությամբ»,- ասված է պատասխանում:

Միաժամանակ ԱԱԾ-ից հայտնել են, որ սահմանապահ զորքերն անհրաժեշտ կադրերով համալրելու գործընթացը պարբերական բնույթ ունի:

Հարցին, թե արդյոք արձակուրդային սեզոնին ՌԴ սահմանապահների դուրսբերումը չի հանգեցնի օդանավակայանում հերթերի, գերատեսչությունից պատասխանել են, որ կուտակումները սովորաբար լինում են միաժամանակ մեծ թվով չվերթերի առկայության դեպքում:

«Ընդ որում, նման իրավիճակներ հաճախ են եղել ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում»,- ասել են ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին հայտնի դարձավ մայիսի 9-ին: