05 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օշականի անվան դպրոցում ցնցումներ են գրանցվել, դասերն առցանց են անցկացվում

Օշականի անվան դպրոցում ցնցումներ են գրանցվել, դասերն առցանց են անցկացվում

Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում դասերն անցկացնում են հեռավար ձևաչափով։ Պատճառը շենքի տատանումներն են:

Համացանցում օգտատերերը տեղեկացրել են, որ դպրոցի տնօրենը զգացել է շենքի տատանումները և դիմել է համապատասխան մարմիններին: Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարհանել են անձնակազմն ու երեխաներին, որոնք ստիպված են եղել ժամերով դրսում սպասել: Օրվա վերջում հայտնել են, որ դասերը մեկ շաբաթ օնլայն կանցկացվեն:

ABC media-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնել են, որ տեղյակ են խնդրի մասին:

«Դպրոցը դեռ 90-ական թվականներից ունի վթարային կարգավիճակ, մասնավորապես՝ վթարային 3-րդ աստիճան: Վերջերս տնօրենը զգացել է որոշակի ցնցումներ և դիմել է փրկարար ծառայությանը: Նրանք ժամանել են և սկսել ուսումնասիրության աշխատանքները, որոնց ընթացքում նպատակահարմար է համարվել, որ այս պահին դասերը օնլայն ձևաչափով անցկացվեն: Փրկարար ծառայությունն իր աշխատանքն ավարտել է, եզրակացությունը փոխանցել է քաղաքապետարան, այժմ քաղաքապետարանի երկրաբանական մասնագիտական խումբն է աշխատում տեղում՝ խնդիրները պարզելու համար»,- հայտնել են քաղաքապետարանից:

Երեխաները հեռավար ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնասիրությունների ավարտը: Սոցիալական ցանցերում օգտատերերը ահազանգում էին, որ դպրոցի տատանումների պատճառը հարևանությամբ կառուցվող շենքն է: Քաղաքապետարանից հաստատում են, որ դպրոցի հարևանությամբ շինարարություն է իրականացվում: բայց մինչ փրկարար ծառայության ուսումնասիրությունների ավարտը հստակ պարզ չէ՝ շինարարությո՞ւնն է տատանումների պատճառը, թե՞ շենքի հնությունը։