
Սլովակիան ոչ մի ցենտ չի հատկացնի Ուկրաինայի նոր վարկի համար․ Ֆիցո
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի սպառնալիքները, երբ խոսքը Սլովակիայի շահերի պաշտպանության մասին է, և Բրատիսլավան ոչ մի ցենտ չի տա Ուկրաինայի համար նախատեսված նոր վարկին։
Երկուշաբթի օրը Financial Times թերթը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված Մերցի նամակին, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլերը սպառնում է արգելափակել Եվրամիության 2028-2034 թվականների նոր բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները հանձն չառնեն Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պարտավորությունները։
«Գերմանիան մեծ է և միշտ էլ մեծ է եղել, բայց ինձ համար միևնույն է, երբ խոսքը Սլովակիայի շահերին է մասին է։ Թե ինչ է ասում պարոն Մերցը, ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Կրկնում եմ՝ ոչ մի ցենտ, ինչ վերաբերում է Ուկրաինայի համար նախատեսված վարկին կամ նվիրատվությանը… Խոսքը 70 միլիարդ եվրոյի մասին է… Նա ասում է, որ կարգելափակի՞ բյուջեն։ Բայց դա կարող եմ անել նաև ես, մենք 27-ն ենք, և յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք․ ես կարող եմ վաղն ասել, որ ես էլ համաձայն չեմ բյուջեի հետ»,- ասել է Ֆիցոն Բրատիսլավայում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


