15 Հոտ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատգամավորը ներազգային թշնամանք է տարածում․ Լիլիթ Գալստյանը՝ Գագիկ Մելքոնյանի հայտարարության մասին

Պատգամավորը ներազգային թշնամանք է տարածում․ Լիլիթ Գալստյանը՝ Գագիկ Մելքոնյանի հայտարարության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «24news.am» լրատվականի հետ զրույցում հայտարարել է․«Արցախցիները թող մեր երկրի գործերին չխառնվեն, հյուրի նման իրենց պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ»։

Քաղաքական պատասխանատվություն ունեցող անձը՝ պատգամավորը, ներազգային թշնամանք և դեգրադացիայի տարածողն է այս պարագայում։ Դժվար էր երևակայել, որ առհասարակ հայ մարդու մտքում կարող էր նման միտք հղանալ։ ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Պատգամավորի հայտարարությունը պետք է արժանանա թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։ Իմ խորին համոզմամբ՝ Դատախազությունը ներազգային թշնամանք տարածելու հանցանքի նշաններով համապատասխան վարույթ պետք է նախաձեռնի»,- ասել է Լիլիթ Գալստյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իրավական համակարգը խոսում է երկրի ստրկամտության ու ոչ իրավական պետության մասին։

«Բուհերից քաղաքական հայացքներ ունեցող դասախոսների են ազատում, միտինգներում էլ ինդենտիֆիկացնում երիտասարդների ու բանտերում կեղեքում նրանց։ Սակայն իրենց ուշադրությունից վրիպում են այս դեպքերը(խոսքը իշխանականների ատելության խոսք տարածելուն է վերաբերում)։ Ղարաբաղցին էլ կմարսի այս վիրավորանքները, հասարակության մի ստվար զանգված էլ, բայց այսպիսի հայտարարությունները իսկապես հակապետական են»,- ասել է նա։

Լիլիթ Գալստյանը կարծում է՝ նման հայտարարությունները ծանր հարված են հասցնում հայկական արժեհամակարգին, պետականությանը, ինքնությանը, ինչպես նաև վիրավորում ՀՀ քաղաքացուն։

«Ամենացավալին այն է, որ այս հայտարարությունները նորություն չեն։ Ազգային ժողովի ամբիոնից իշխանականները ադրբեջանական նարատիվներ են տարածում։ Նստաշրջանի հենց առաջին օրվանից ԱԺ նախագահից սկսած իշխանականները ատելության խոսք են տարածում։ Նրանք անթաքույց սպասարկում են ադրբեջանական օրակարգը։ Սա նորություն չէ, սա ողբերգություն է»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը, որ այսօր իշխում է Հայաստանում, դավաճանել է ազգային, պետական շահերը, ինչն էլ թուլացրել է երկրի ինքնիշխանությունը, կորցրել՝ Արցախը։

ABC media-ն դիմել է ՄԻՊ գրասենյակ`Գագիկ Մելքոնյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու։ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանի խոսքով՝ ՄԻՊ-ը առանձին քաղաքական գործիչների խոսքը չի մեկնաբանում։

Մանրամասները՝ այստեղ։