09 Հոտ
2024
15.3° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը ռազմավարական համբերատարությամբ է պայքարում հակամարտությունում․ ABC media-ն զրուցել է ԻԻՀ Մեջլիսում հայ պատգամավորի հետ

Իրանը ռազմավարական համբերատարությամբ է պայքարում հակամարտությունում․ ABC media-ն զրուցել է ԻԻՀ Մեջլիսում հայ պատգամավորի հետ

Իրավիճակը ճգնաժամային է Իրանում․ Իսրայել-Լիբանան հակամարտությանը Իրանի մասնակցությունն են պահանջում թե՛ Իրանի ներսում գտնվող որոշ ուժեր, թե՛ արտաքին ուժեր։ Նրանք ակնկալում են առավել հստակ դիրքորոշում, որն արտահայտված կլինեն գործողություններով։ ABC media-ի հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

«Ես կարծում եմ, որ Իրանը փորձում է որքան հնարավոր է ռազմավարական համբերատարությամբ հանդես գալ, խնդիրը տարբեր կողմերից քննարկել ու ճիշտ գնահատական տալ օրինակ՝ ինչպես կարող է Հեզբոլլահին օգտակար լինել, կամ հակառակը՝ Հեզբոլլահը Իրանին։ Ես հստակ չեմ կարող ասել, թե Իրանը որքանով կներգրավի հակամարտությանը, բայց բոլորս էլ գիտենք, որ ինքը՝ Բենիամին Նաթանյայհուն է ցանկանում Իրանին անմիջապես պատերազմի մասնակից տեսնել»,- ասել է Բեգլարյանը։

Իրանի նկատմամբ ունեցած սպասելիքները իրապես առկա են, սակայն Իրանը չի դիմի այնպիսի արկածախնդրության, որը օրակարգային խնդիր կդարձնի արդեն Իրան՝ ասել է Բեգլարյանը։ Բացի այդ, ըստ պատգամավորի, Իրանը հակաիսրայելական գործողության ջահակիր է դարձել տասնամյակներ շարունակ, հատկապես Պաղեստինի հարցով։

«Քանի որ Իրանը տասնամյակներ շարունակ ջահակիրն է հակաիսրայելական գործողություններին, պաշտպանել է Պաղեստինի ժողովրդին ու դեմ արտահայտվել կատարվող գործողություններին, այն նույն ժողովուրդների շրջանում սպասելիք է ձևավորել, որ Իրանը պետք է միշտ աջակցի նրանց։ Սակայն չպետք է մոռանան, որ Իրանը հավասարակշռված քայլեր իրականացնելու կողմանակից է»,- ասել է Իրանի Մեջլիսում հայ պատգամավորը։

«Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահից հետո Իրանը մի քանի անգամ շեշտել է՝ իրենց պատասխանը չի ուշանալու։ Հանիեի սպանությանը հաջորդեց «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը, սակայն որևէ պատասխան դեռ չի տվել Իրանը։

Մինչդեռ օրեր առաջ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ու Եվրոպան խաբել են Իրանին՝ խոստանալով հրադադար հաստատել Գազայում։ Մեզ հետ զրույցում Բեգլարյանը նշել է, որ Իրանը հետ չի կանգնել պատասխանելու մտքից, սակայն չի շտապում։

«Իրանը ժամանակ չի նշել, հետևաբար հիասթափվելու առիթ կամ պատճառ չկա։ Իրանը կպատասխանի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղին»,- ասել է Բեգլարյանը։

Հայ պատգամավորի խոսքով՝ Իրանի ներսում էլ իրավիճակը բավականին բարդ է, հապճեպ որոշումները էլ ավելի կբարդացնեն այն։ Ռազմավարական համբերությունը Իրանի հիմնական զենքն է՝ եզրափակել է նա։