11 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր մտավորականություն կա, ուղղակի վարկաբեկված է․ Հայկ Պետրոսյան

Այսօր մտավորականություն կա, ուղղակի վարկաբեկված է․ Հայկ Պետրոսյան

ABC ինտերվյուն այս անգամ հյուրընկալել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանին։ Քննարկված թեմաները բազմազան են եղել՝ երգարվեստից մինչև Հայոց պատմություն, Ազնավուրից մինչև Կոմիտաս։ Երգչի կարծիքով՝ Հայաստանն ունի մտավորականություն, պարզապես նրանք կարծես միտումնավոր վարկաբեկված լինեն։ Հայկի համոզմամբ՝ պատմությունը մեզ բազմաթիվ դասեր է տվել և մենք պարզապես պետք է քաղենք դրանք։

-Այս ծանր իրավիճակում ի՞նչ կարող են անել մշակութային գործիչներն իրենց խոսքով։

-Հայ ժողովուրդը հսկայական մշակույթ է կերտել և սա ոչ միայն հայերի հարստությունն է, այլև համամարդկային։ Երբ մենք, որպես հայ բացահայտենք իրար մեր մշակույթի մեջ՝ իրար հետ շատ ավելի լավ լեզու կգտնենք․ ես դրա փորձը ունեմ։ Երկու հայ, ովքեր Կոմիտաս լավ գիտեն (չեմ ասում կոմիտասագետ են), գիտեն ինչ է արել, որքան նվիրված է եղել , որքան դժվարությունների է հաղթահարել, իրենք մի տեսակ այլ կերպ են կպնում իրար, այլ կերպ են լեզու գտնում, որովհետև իրենց մեջ մի անտեսանելի մշակութային կապող թել կա։ Մենք այդ կապը պետք է պահենք հայերենով, որովհետև նույն այդ երգերը, հայոց լեզվի հնչերանգներով են կառուցվում։ Եվ ընդհանրապես, այս իրավիճակն ինչ-որ տեղ նաև մարտահրավեր է։ Եթե լիներ մշակութային զորամաս, ես կհայտարարեի մշակութային զորակոչ։ Ցավոք այդպիսի զորամաս չկա, բայց ով ուզում է կարող է կամավորագրվել (ժպտում է):

-Իսկ մեր հանրությանն այդ մշակույթն իր ամենարժեքավոր դրսևորումներով պե՞տք է։

-Հիմա ամբողջ աշխարհում են դժվար ժամանակներ են։ Կարծես մարդկության դեմքը կամաց-կամաց ջնջնվի, ամեն տեղ ինչ-որ արհեստականություն է մտել և մշակույթը պահելը հերթական անգամ դարձել է մարտահրավեր՝ ինչպես ժամանակին Կոմիտասի համար էր։ Կոմիտասը կարողացավ թուրը պատյանի մեջ հաղթանակած դնել։ Փառք տիրոջը, որ նա հասցրեց այդքան երգ հավաքագրել, որովհետև 1915 թ․ հետո այն մարդիկ, ովքեր կրում էին այդ մշակույթը՝ այլևս չկային։

-Ի՞նչն է հիմա Ձեզ ամենաշատը անհանգստացնու՞մ և այդ հարցերի լուծման շուրջ մտածու՞մ եք։

-Մեր մեջ մի մեծ ցավ կա, որը շատ դժվար է երբեմն բնութագրել բառերով, ցավեր էլ կան, որ մենք կարող ենք միայն պատկերացնել։ Ի՞նչ է զգում որդեկորույս մայրը՝ ես միայն կարող եմ պատկերացնել։ Այսպիսի հարցեր կան և ես այդ հարցերի շուրջ շատ եմ մտածել։ Մտածում եմ նաև այդ ցավերի տակից ոնց կարելի է դուրս գալ։ Դե գիտեք երեխայի ծնունդը շատ բան է փոխում մարդու կյանքում, տակն ու վրա ես լինում՝ ամբողջ աշխարհդ փոխվում է, նորովի ես երջանկանում, բայց այդ կյանքը, որ ծնվում է՝ ծնվում է ցավից։ Ասածս այն է, որ մենք այս ցավից պետք է կարողանանք ուժ վերցնել, ուժեղանալ և մի նոր ծնունդ տալ բոլոր տեսանկյուններից։ Այլընտրանք չունենք, սա է մեր ուղին՝ ուղիղ պետք է գնանք։

Կյանքում ամենադժվար բանը ինքնահաղթանակն է, սա ինձ հայրս էր ասում ժամանակին։ Ես զգում էի, որ ինչ-որ կարևոր բան է ասում, բայց չէի ըմբռնում բովանդակությունը։ Խոսքը և՛ մարդու ինքնահաղթանակի մասին է, և՛ մեր ազգի ինքնահաղթանակի։ Հենց մենք մեզ հաղթենք՝ ամեն ինչ տեղը կընկնի։

-Իսկ ձեր երգերում անդրադարձը պատերազմի թեմային իսկապես բավական շա՞տ է։ Վերջին տարիերին հենց ա՞յդ թեման է Ձեզ ամենաշատը հուզում։

-Այդ թեմայով բավականին երգեր ունեմ։ Պատերազմի մասին պատկերացումներ կան, որոնք թյուր են։ Օրինակ «Խրամատ» երգում փորձել եմ նկարագրել ինչ է կռիվը, որովհետև ես տանել չեմ կարողանում, երբ զինվորական համազգեստով և մի ախմախ՝ իբր հայրենասիրական տեսահոլովակ են նկարում, որը ծայրից ծայր կեղծիք է, ոչ մի կապ չունի ո՛չ կռված տղերքի, ո՛չ իրանց տեսածի, ո՛չ ապրածի հետ։ Ոնց որ ձեռ առնեն․․․Չի կարելի տենց բան անել։ Այսինքն կարելի է, բայց մարդ ինքն իրեն պետք է խմբագրել էլ սովորի։ Հենց այդ ժամանակ զգացի, որ ուզում եմ գրել, պատմել իմ իմացածի մասին։ Գրել եմ իմ ընկերների մասին՝ իրենց խիզախությունների, անարդարությունների մասին և այլն։ Հեղինակային երգn այդ հնարավորությունը տալիս է, դա պոետիկ, բանաստեղծական ոճ է, ու այնտեղ առաջին հերթին կարևոր է բառը, խոսքը, կողքից ակորդները ավելի շատ օգնելու են գալիս։ Այդ երգերում պատերազմն է, մենք ենք, մեր հարաբերություններն են պատերազմից հետո։

-Իսկապես կշիռ ունեցող մտավորականների, արվեստագետների խոսքն այսօր Ձեզ համար լսելի՞ է։ Եվ որքանո՞վ եք այդ խոսքը դուք կարևորում։

-Մշակութային գործիչները խոսում են, նրանք շատ վաղուց ու միշտ են խոսել և խոսել են բազմատեսակ խնդիրների շուրջ։ Գանք անցյալից՝ 20-րդ դարից․ Կոմիտաս վարդապետ, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, ո՞ր մեկին հիշեմ։ Նրանք բոլորը խոսել են տարբեր խնդիրներից, տարբեր հարցեր են բարձրացրել։ Նորանկախ Հայաստանում էլ մտավորականները, մշակութային գործիչները խոսել են․ խոսում են, և բարձրացրել ու բարձրացնում են տարբեր հարցեր։ Ուրիշ հարց է, թե որքանով է այդ խոսքը տեղ հասնում, որքանով ասողին լսող կա։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս տարիների ընթացքում, նպատակաուղղված վարկաբեկվել է հայ մտավորականությունը, նույնիսկ այդ բառն է արդեն վարկաբեկվել։ Մտավորական բառն էլ չի նշանակում մարդ, ով բարեկիրթ է, գիտի իր պատմությունը, մեծ մտքի տեր է, իր գործով է ապացուցել շատ-շատ բաներ։ Այն վատ երանգ է ձեռք բերել և ես կարծում եմ սա ինչ-որ մեկի ձեռագիրն է։ Ապրիլի 24-ին էլ առաջինը հայ մտավորականությանը ձերբակալեցին, երբ արաբները հարձակվեցին Հայաստանի վրա՝ առաջինը ազնվականության հարցերը լուծեցին։ Այսօր էլ հենց մտավորականությունն է վարկաբեկված։ Ասում են՝ չկա մտավորականություն, իհարկե կա, ես դեմ այդ պնդմանը։ Ասեմ ավելին՝ կա հրաշալի մտավորականություն, հենց այսօր մենք մեծագույն մտավորականությունն ունենք։ Ուղղակի, եթե մտավորականություն ասելով հասկանում ենք ֆբ-ում կամ ինստագրամում հետևորդների քանակ ապահովող մեկին, այդ դեպքում Քիմ Քարդաշյանն է մեր մտավորականության կարկառուն ներկայացուցիչը։ Պիտակավորելով չեմ ասում, չեմ ծաղրում, ամենայն լրջությամբ եմ ասում։ Ուզում եմ ուղղակի հասկանանք՝ ովքեր են այդ մտավորակաները, և արդյոք մարդիկ փնտրում են մտավորականների խոսքը, որ լսեն։ Նրանք կան և այդ գաղափարները գեներացնում են և այս օրերին և այդ գաղափարներն իսկապես կարող են օգտակար լինել։ Գալու է մի պահ, երբ մենք միավորվելու ենք մեր իրական մտավոր զանգվածի հետ, և մեկ հարթակի վրա ենք լինելու։ Մտավորականները շատ բան են անում, պարզապես իրենց գործը հաճախ լուռ են անում, չեն բարձրաձայնում։ Ես նրանց հետևում եմ, նրանցից շատ բան սովորում եմ, շատ բաներից ոգևորվում եմ։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը