
Այսօր ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա ցավ ու տրտմություն եմ պատճառել․ Բագրատ սրբազան
Սիրելինե՛ր,
Լրացավ կյանքիս 55-րդ տարին․․․ Կլանավայրում․ քրեակատարողական հիմնարկից գրել է Բագրատ սրբազանը։
«Աստվածն ասում է. «Քո աշխարհ գալուց բոլորը ծիծաղում էին, իսկ դու՝ լացում: Բայց աշխարհից քո մեկնելիս բոլորը լացում էին, իսկ դու` ծիծաղում»:
Շնորհակալ եմ Քեզ, իմ Հաղթանակած Տեր, գոհություն Քեզ, իմ Բացառիկ և Միակ Առաջնորդ, իմ Կյանք և Ճանապարհ, իմ Հերոս և Աստված: Դու ես տնօրինել իմ կյանքի բոլոր օրերն ու ժամերը և Դու ես իմացել և գիտես, թե ինչ էր և ինչ է ինձ հարկավոր առավել, քան ես կարող էի խնդրել կամ իմանալ:
Կյանքս հայացքիդ և Աչքիդ առջև է:
Խոնարհվում եմ փառքիդ առջև և սիրով ընդունում այն ամենը, ինչ տվել ես և դեռ տալու ես:
Եվ վերստին հաստատում եմ` հռչակելով. «Քավ լիցի ինձ այլ բանով պարծենալ, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն է»:
Այս օրը, տարիների ավանդությամբ, ծառայությանս բոլոր վայրերում եղել է ներողություն հայցելու օր ու առիթ բոլոր նրանցից, ում հանդեպ մեղք ու սխալ եմ գործել, ում հետ անմիջական ծառայության մեջ եմ եղել և ովքեր մասնակից են եղել իմ առաքելությանը` փոքր կամ մեծ չափով:
Այսօր ևս ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա ցավ ու տրտմություն եմ պատճառել, ի մասնավորի «Սրբազան Պայքարի» 17 արդարներին և իրենց ընտանիքներին` պատճառած բոլոր դառնությունների և տառապանքի համար:
Հատկապես ցանկանում եմ երիցս ներողություն խնդրել բոլոր այն Հայրենատեր, ինձ հարազատ դարձած մարդկանցից, ովքեր այս ընթացքում ենթարկվել են տարատեսակ զրկանքների և հալածանքների և որոնց ինչ-որ առումով հուսախաբ եմ արել, որ դեռևս չենք վանել չարիքը մեր սիրելի Երկրից և միասին չենք ազատագրել մեր համբուրելի և Աստվածապարգև Հայաստան աշխարհը:
Կյանքիս ամենամեծ պարգևը կլինի ոչ միայն մեր Մեծ Տան ազատագրումը չարիքից, այլև, և հատկապես, մեր Ավետյաց Երկրի Տեսիլքի կյանքի կոչումը, իրականացումն ու կառուցումը, թեկուզ և դա արժենա, որ ես լինեմ կալանավայրում կամ գերեզմանում:
Ինչպես մշտապես շեշտել եմ, մի հարցրեք` հնարավո՞ր է, թե՞ ոչ, այլ հարցրեք` անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Ինչպիսին լինի մեր հարցադրումը, այդպիսին էլ կլինի մեր ընթացքն ու խնդրի հանգուցալուծումը:
Թող մեր Հաղթանակած Տերը օրհնի ձեզ բոլորիդ, օրհնի մեր Հայաստան վիրավոր աշխարհը` իր որբացած Արցախ սրտով և մեր ողջ ժողովրդին` խոցված, բայց ոչ ծնկած, զարկված, բայց ոչ մեռած` ընթանալու արդարության, ճշմարտության, հաշտության և Հաղթանակի ճանապարհով:
Մի՛ վախեցեք ոչնչից,
Այլ միայն հավատացեք…
Հոգևոր Հայաստանը կհաղթի «իրական, նոր չհայաստանին», քանզի Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի»,- նշել է նա։


