11 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղետի անհաշվելի վնասները

Աղետի անհաշվելի վնասները

Լոռիին և Տավուշին պատուհասած աղետի վնասները չափը ջրհեղեղից 10 օր անց էլ դեռ հստակ ու հաշվարկված չէ: ABC media-ն օրեր շարունակ լուսաբանել է տեղի ունեցածը, խոսել մարդկանց կրած վնասների մասին:

Այժմ, փորձենք ամփոփել կորուստները:

Զոհվել է 4 մարդ:

Փլուզվել է 17 կամուրջ:

Բազմաթիվ հատվածներում շարքից դուրս է եկել Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհը. Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերը վարարարման հետևանքով ավերվել և անանցանելի են դարձել Մ6 մայրուղու տարբեր հատվածներ՝ Ձորագետ ավանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ։

Օրեր շարունակ արգելափակման մեջ էին Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Թեղուտ բնակավայրերը։ Այժմ այդ բնակավայրերի հետ կապ հաստատելու համար միայն հետիոտնային ճանապարհ է գործում:

Դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը։ Երկաթուղին շարքից դուրս է եկել 8 հատվածում, այժմ 2 հատվածում վերականգնվել է:

Վարարած գետերը քշել-տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ։

Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը դադարեցվել են, տարբեր բնակավայրերում դադարեցված է եղել նաև գազամատակարարումը:

«Ե՛վ ծավալների, և՛ ֆինանսական առումով հսկայական վնասներ ենք կրել։ Վնասների մի մասը նույնիսկ դեռ տեսանելի չէ, մենք ուղղակի պատկերացնում ենք, որ դրանք վնասվել են։ 17 կամուրջ է փլուզվել, որից 5-6-ը խոշոր կամուրջներ են, M-6 միջպետական ճանապարհի այդ հատվածները վնասվել է և մեծ ծավալի և ֆինանսական, և ժամանակային աշխատանք է պահանջում, երկաթուղին և հսկայական այգիներ, որոնք ենթադրում ենք, որ պետք է փոխհատուցենք։ Այսինքն՝ ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու կառավարության վրա, ինչպես նաև կազմակերպչական մեծ ծավալի աշխատանք է սպասվում»,- ասել է նախարարը։