11 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ` պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ` պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հերթական բանաձևը, որում կոչ են արել չճանաչել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նորից ընտրություններ անցկացնել, իսկ ԵՄ-ին հորդորել են վրացի մի շարք քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցներ սահմանել։

Փաստաթղթին «կողմ» է քվեարկել 444 պատգամավոր, «դեմ»՝ 72-ը, «ձեռնպահ»՝ 82-ը։

«Եվրախորհրդարանը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել մեկ տարվա ընթացքում, ընդ որում՝ բարելավված ընտրական համակարգի առկայության պայմաններում, միջազգային խիստ վերահսկողության ներքո՝ ապահովելու իսկապես արդար և թափանցիկ ընտրական գործընթաց»,- նշված է բանաձևում։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կողմ են հանդես եկել ԵՄ-ի նախաձեռնությանը՝ «տեխնիկական առաքելություն» ուղարկել Թբիլիսի՝ վերլուծելու Վրաստանում ստեղծված իրավիճակը։

Կոչ է արվել նաև պատժամիջոցներ սահմանել այն վրացի քաղաքական գործիչների դեմ, ովքեր «դեմ են եվրաինտեգրման քաղաքական կուրսին» և «չեն կիսում ԵՄ արժեքները»։ Որպես օրինակ՝ նշված են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անունները։

Բանաձևում նաև նշվում է, թե եթե Թբիլիսին շարունակի իր «հակաեվրոպական քաղաքականությունը», Վրաստանի՝ Եմ անդամակցությունը «անհնարին կդառնա»։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին, Եվրահանձնաժողովին, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությանը և նոր բարձր ներկայացուցչին՝ վերանայել Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը»,- նշված է փաստաթղթում։