
Քառօրյա պատերազմում էլ ենք պարտվել․ Անդրանիկ Քոչարյան
Մուրալ բառն, ըստ Անդրանիկ Քոչարյանի, վատ բառ է, այն վնասում է Հայաստանի դիմադրողականությանը։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը պատասխանել է պնդումներին, թե իրենց իշխանությունը խաղաղություն է մուրում։
«Ժամանակին մենք չենք ասել, որ Ադրբեջանի իշխանությունը խաղաղություն է մուրացել, բայց նրանք համբերատար, գլուխները կախ, ժամանակը ճիշտ օգտագործեցին և կառուցեցին այն համակարգը, որով իրենք լուծեցին իրենց առջև դրված խնդիրը։ Մենք, ի տարբերություն իրենց, 94-ի հրադադարից հետո, ունենալով առավելություն, ունենալով հրադադարի հնարավորություն, մեր հաղթանակները ստորադասեցինք այլ անձնական խնդիրների։ Մենք կորցրինք մեր կարողությունների մի զգալի մասը, և դա արձանագրվեց նաև պատերազմի ելքով։ 44-օրյա պատերազմի և նաև Քառօրյա պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք։ Չասե՝ք Քառօրյայում հաղթել ենք, 44 -օրյայում՝ պարտվել․ ո՛չ, երկուսում էլ պարտվել ենք և դա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»,-ասել է Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով՝ իրենք ոչ վախեցած են, ոչ էլ խաղաղություն են մուրում։ Վստահ է՝ խաղաղություն պետք է նաև Ադրբեջանին։
«Խաղաղությունը պետք է մեր հարևան բոլոր երկրներին՝ Իրանին, Թուրքիային, որովհետև խաղաղությունն է բոլորի նպատակը, ինչքան էլ կռվես։ Կռիվ անելը հեշտ է, խաղաղության հասնելը՝ դժվար, խաղաղությունը մարդկային կյանք է, կռիվը՝ կորուստներ են, դա պետությունների քանդման՝ հիմնահատակ քանդման հնարավորությունը է, ինչու՞ չապրել խաղաղ պայմաններում։ Ադրբեջանն ունի առավելություն և նա իներցիայով անընդհատ հաղթողի դիրքերից է խոսում, գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարը այնքան է մեջը կուտակել, որ հիմա այս հաղթանակով մեզ ավելի շատ լարված վիճակում պահի, գուցե դա է իր հոգեբանությունը։ Մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, իսկ խաղաղությունը մեզ պետք է, բոլորիս է պետք՝ ձեզ, առաջին հերթին, մեր ընտանիքներին, մեր պետությանը, որպեսզի մենք մեր խնդիրները կարողանանք հնարավորինս արագ և որակով լուծել»,-նշել է Քոչարյանը։
ՔՊ-ականը վստահ է նաև, որ անվտանգային ոլորտում Հայաստանն ունի ձեռքբերումներ, որի մասին իրենք չեն հանրայնացնում։
«Խոսքը ռազմարդյունաբերության կամ սպասվելիք մեր հաջողությունների տեմպերի մասին է։ Շարունակում ենք բարձրանալ, որտեղ խոչընդոտ ունենք, որտեղ պետք է՝ կառավարությունը և Ազգային ժողովը համատեղ այդ լուծումները գտնում են։ Ուզում եմ ասել, խաղաղությունը բարդ բան է»,-ասել է նա։