
Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում կստորագրե՞ն «մտադրությունների նամակ»․ Middle East Eye
Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։ Այս մասին Middle East Eye-ի հետ զրույցում նշել են տարածաշրջանային աղբյուրները։
Ըստ տեղեկության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողության համար։
Ինչպես նշվել է, չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմանների կատարումը` նախքան համաձայնագրի կնքումը։ Ադրբեջանի պահանջներից գլխավորն այն է, որ Երևանը փոփոխի իր Սահմանադրությունն, ինչը կպահանջի ազգային հանրաքվեի անցկացում Հայաստանում։
Պարբերականը հիշեցրել է, որ Սպիտակ տանը սպասվող գագաթնաժողովը հաջորդում է երկու առաջնորդների միջև հուլիսին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ալիևը հայտարարել է, որ երկու երկրներն էլ կարող են մի քանի ամսվա ընթացքում վերջնականապես հաստատել համաձայնագրի տեքստը կամ գոնե դրա հիմնական սկզբունքները, և այնուհետև նախաստորագրել դրանք։
Աղբյուրները հավելել են, որ երկու առաջնորդներն, ինչպես սպասվում է, կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե՝ խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական ձեռքբերում, ինչին նա ձգտում է։
Երրորդ տարածաշրջանային աղբյուրը MEE-ին հայտնել է, որ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի զանգահարել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին՝ նրան տեղեկացնելու գագաթնաժողովի մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանը Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Ինչպես նշել է պարբերականը, հիմնական խոչընդոտներից մեկը մնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն իր ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի համար ունի իռեդենտիստական հետևանքներ։
Անցյալ ամիս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը պաշտոնապես առաջարկել է, որ ամերիկյան ընկերությունը վարձակալի և շահագործի միջանցքը 100 տարով՝ նպատակ ունենալով լուծել երկու կողմերի մտահոգությունները տրանսպորտային երթուղու անվտանգության և հուսալիության վերաբերյալ։ Սակայն Հայաստանը մերժել է առաջարկը և հայտարարել, որ իր ինքնիշխան տարածքը վարձակալության չի տա որևէ երրորդ երկրի։
Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը MEE-ին հայտնել է, որ Թուրքիան սկզբում առաջարկել է միջանցքը կառավարող մասնավոր ընկերության գաղափարը, որը կհաստատվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից։
«Այնուամենայնիվ, հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունը գործի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչը անընդունելի էր Բաքվի համար», – բացատրել է աղբյուրը։


