
Պուտինը չի կարող իրեն թույլ տալ ավարտել պատերազմը միայն այն պատճառով, որ Թրամփը դա է ուզում․ Reuters
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս ուրբաթ ժամկետը լրացող պատժամիջոցների վերջնագրին և շարունակում է պահպանել Ուկրաինայի չորս շրջաններն ամբողջությամբ գրավելու նպատակը։ Այս մասին Reuters-ին հայտնել են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները։
Ինչպես նշվել է, Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներով հարվածել Ռուսաստանին և 100% մաքսատուրքեր սահմանել նրա նավթը գնող երկրների վրա, որոնցից ամենամեծերն են Չինաստանը և Հնդկաստանը, եթե Պուտինը չհամաձայնվի Ուկրաինայի հետ հրադադարին։
Կրեմլում քննարկումներին ծանոթ երեք աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինի շարունակելու վճռականությունը պայմանավորված է նրա համոզմամբ, որ Ռուսաստանը հաղթում է, և այն կասկածամտությամբ, որ ԱՄՆ-ի կողմից ևս մեկ պատժամիջոցը մեծ ազդեցություն կունենան 3.5 տարվա պատերազմի ընթացքում տնտեսական պատժամիջոցների հաջորդական ալիքներից հետո։
Ըստ երկու աղբյուրների՝ ՌԴ առաջնորդը չի ցանկանում զայրացնել Թրամփին և գիտակցում է, որ կարող է բաց թողնել Վաշինգտոնի և Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունը, բայց նրա պատերազմական նպատակներն առաջնահերթ են։ Նրանց խոսքով՝ Պուտինի նպատակն է ամբողջությամբ գրավել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ուկրաինական շրջանները, որոնք Ռուսաստանը համարում է իրենը, և այնուհետև խոսել խաղաղության համաձայնագրի մասին։
Առաջին աղբյուրը նշել է, որ ներկայիս բանակցությունների գործընթացը, որի շրջանակներում ռուս և ուկրաինացի բանակցողները մայիսից ի վեր հանդիպել են երեք անգամ, Մոսկվայի փորձն էր համոզելու Թրամփին, որ Պուտինը չի մերժում խաղաղությունը՝ հավելելով, որ բանակցությունները զուրկ էին իրական էությունից՝ բացի մարդասիրական փոխանակումների վերաբերյալ քննարկումներից։
Ռուսաստանը նշում է, որ լուրջ է վերաբերվում բանակցություններում երկարաժամկետ խաղաղության համաձայնեցմանը, բայց գործընթացը բարդ է, քանի որ երկու կողմերի դիրքորոշումները շատ հեռու են միմյանցից։ Անցյալ շաբաթ Պուտինը բանակցությունները բնութագրել է որպես դրական։
Առաջին աղբյուրը նշել է, որ Պուտինը անձնական մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերջին վատթարացման վերաբերյալ։ Պուտինը դեռևս հույս ունի, որ Ռուսաստանը կարող է կրկին բարեկամանալ Ամերիկայի հետ և առևտուր անել Արևմուտքի հետ, և «նա անհանգստացած է» Թրամփի նյարդայնությունից։
Սակայն, քանի որ Մոսկվայի ուժերը առաջ են շարժվում մարտադաշտում և Ուկրաինան գտնվում է ծանր ռազմական ճնշման տակ, Պուտինը չի կարծում, որ հիմա պատերազմը դադարեցնելու ժամանակն է, ասել է աղբյուրը՝ հավելելով, որ ո՛չ ռուս ժողովուրդը, ո՛չ էլ բանակը չեն հասկանա, եթե նա հիմա կանգ առնի։
Ըստ գործակալության մեկ այլ աղբյուրի՝ Կրեմլի առաջնորդը գնահատում է Թրամփի հետ հարաբերությունները և չի ցանկանում նրան զայրացնել, սակայն «նա պարզապես ունի գերակա խնդիր. Պուտինը չի կարող իրեն թույլ տալ ավարտել պատերազմը միայն այն պատճառով, որ Թրամփը դա է ուզում»:


