27 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն և Ադրբեջանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի և դեռևս հեռու են այլ ուղղություններով համաձայնության գալուց. DW

ՀՀ-ն և Ադրբեջանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի և դեռևս հեռու են այլ ուղղություններով համաձայնության գալուց. DW

Երևանն ու Բաքուն հնարավորություն կստանան բարելավելու իրենց երկկողմ հարաբերությունները Վաշինգտոնի նոր վարչակազմի հետ․ կարծում են Deutsche Welle-ի հետ զրուցած փորձագետները։

Փորձագետների ակնկալիքներն օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպումից տատանվում են. ոմանք կարծում են, որ Թրամփի մասնակցությամբ կարող է նախաստորագրվել խաղաղության համաձայնագրի նախագիծ կամ ստորագրվել հուշագիր՝ համաձայնագիր կնքելու ջանքերը շարունակելու պարտավորություններով։

Այս փաստաթղթի նախաստորագրումը Վաշինգտոնում, այսինքն՝ պաշտոնական ընթացակարգ, որը կհաստատի, որ կողմերը այլևս չեն փոխի համաձայնագրի տեքստը, կարող է զգալի դրական ազդեցություն ունենալ, օրինակ, Ադրբեջանի համար, քանի որ դա կարող է պատրվակ դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար: Այս խմբի լուծարումը Բաքվի կողմից խաղաղության համաձայնագիր ստորագրելու պայմաններից մեկն է և խորհրդանշականորեն վերջ կդներ Լեռնային Ղարաբաղի հարցին: Կամ Հայաստանի համար, որը ձգտում է դուրս գալ մեկուսացումից և հույս ունի բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն նույնիսկ այս դեպքում՝ կասկածներ են մնում այն մասին, թե «արդյո՞ք սա բավարար կլինի Թուրքիայի կառավարության համար, որպեսզի սկսի, օրինակ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բացել սահմանը և այլն», – նշել է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը:

Առաջնորդների վերջին երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել վերջերս՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում, իսկ ավելի վաղ՝ մարտին։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Խաղաղության համաձայնագրից բացի՝ Վաշինգտոնում կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը՝ հայ-իրանական սահմանի երկայնքով 42 կիլոմետրանոց երթուղի։ Միացյալ Նահանգներն առաջարկում է միջնորդել որոշման կայացման հարցում, երբ այս տրանսպորտային միջանցքի կառավարումը փոխանցվի երրորդ կողմի, օրինակ՝ առևտրային ընկերության։

Ադրբեջանցի քաղաքագետ և Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանի համար դեպի էքսկլավ միջանցք ստեղծելու հարցն ամենահրատապներից մեկն է, և միջնորդ ընկերության հետ լուծումը կարող է ընդունելի լինել Բաքվի համար։ Ավելին, նա նշում է, որ ներկայումս «չկա որևէ ձևաչափ», որում կարող են քննարկվել երկրների միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափն իրականում չի աշխատել մեկուկես տարի։

Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը կամրապնդի նաև մեկ այլ միտում՝ Կրեմլի դուրս գալը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացից։ «Երկու կողմերին էլ միավորում է Ռուսաստանի նկատմամբ նույն վերաբերմունքը՝ նրան ընկալելով որպես խաղաղության գլխավոր խոչընդոտ», – գործակալության հետ զրույցում նշել է Օքսֆորդի համալսարանի քաղաքագետ և Արևելյան Եվրոպայի փորձագետ Լեյլա Ալիևան։

«Եթե խոսենք Թրամփի լեզվով, ապա 2021 թվականին բոլոր խաղաքարտերը Ռուսաստանի ձեռքում էին։ Ռուսաստանը միջնորդ էր Բաքվի և Երևանի միջև , տեղում ներկա կողմ, միջնորդ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև։ Սակայն 2021 թվականին նրանք (Ռուսաստանը) ոչինչ չարեցին», – նշել է Ֆարհադ Մամեդովը։

«Այն փաստը, որ երկու երկրներն էլ այժմ որոշել են սկզբունքորեն հրաժարվել միջնորդներից և լուծել խնդիրները, հատկապես առանց Ռուսաստանի, խոսում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության շատ լուրջ փոփոխության և ռուսական գործոնի օբյեկտիվ թուլացման մասին», – եզրափակել է Ալիևան։ Մամեդովի կարծիքով՝ Մոսկվան պաշտոնապես չի հրաժարվել իր միջնորդական դերից, և Վաշինգտոնում նոր հանդիպումը «կգրգռի Մոսկվային, քանի որ նրանց այն բանաձևը, որ եթե ոչ Մոսկվայում, ապա ոչ մի տեղ, ինչ-որ կերպ այլևս չի գործում»։

Հետագա մերձեցմանը չնայած՝ Հայաստանը և Ադրբեջանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի և դեռևս հեռու են այլ ուղղություններով համաձայնության գալուց, վստահ են փորձագետները։ Օրինակ՝ վերցրեք խաղաղության համաձայնագիրը. Ադրբեջանը երկու նախապայման է առաջադրել, որոնցից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից բացի, Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն են։

Փաշինյանի գործողությունները, որոնք դիտվում են որպես զիջումներ Բաքվին , հակասություններ են առաջացնում Հայաստանում և թուլացնում վարչապետի դիրքերը։ «Վերջին հինգ տարիների ընթացքում՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից ի վեր, նա անընդհատ քայլում է եզրագծով», – հավելել է Օլեսյա Վարդանյանը։

Հակամարտության երկու կողմերն էլ դեռ հսկայական աշխատանք ունեն անելու փոխադարձ վստահություն ձևավորելու համար, քանի որ, ըստ Վարդանյանի, «նրանք երբեք անմիջական հարաբերություններ չեն ունեցել միմյանց հետ որպես անկախ պետություններ։

Այսպիսով, խաղաղության համաձայնագրից, Նախիջևան տանող տրանսպորտային միջանցքի ստեղծումից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակումից բացի, դեռևս կան այլ չլուծված հարցեր, ինչպիսիք են սահմանազատումը և սահմանագծումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելության հետ կապված հարցը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026