
Հակամարտությունից դեպի առևտուր. «Թրամփի ուղին» կապելու է Ադրբեջանը և Հայաստանը նոր խաղաղության համաձայնագրում. Ալեքս Ռաուֆօղլու
Տասնամյակներ շարունակվող ՀՀ-Ադրբեջան հակամարտությանը վերջ դնելու դրամատիկ դիվանագիտական փորձի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին։ Գագաթնաժողովը, որը ամիսներ տևած լարված, կուլիսային բանակցությունների գագաթնակետն է, պատրաստվում է վերաձևավորել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը և ԱՄՆ-ին դարձնել կենտրոնական խաղացող այն տարածաշրջանում, որը երկար ժամանակ գերիշխում էին Ռուսաստանը և Իրանը։
Սպիտակ տան խաղաղության գագաթնաժողովից առաջ Kyiv Post-ի Վաշինգտոնի թղթակիցը Ալեքս Ռաուֆօղլուն զրուցել է մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ խաղաղության նախագծի շուրջ հիմնական զարգացումների և մանրամասների մասին։ Համաձայնագրի կենտրոնական մասը նոր առևտրային և ենթակառուցվածքային նախագիծ է, որը կոչվում է «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ կարճ՝ TRIPP: Այն նախատեսված է երկու ազգերի միջև ամենավիճահարույց խնդիրը՝ կապը լուծելու համար։ TRIPP-ը կստեղծի տարանցիկ ճանապարհ հարավային Հայաստանի միջով՝ ապահովելով Ադրբեջանի համար անարգել մուտք դեպի Նախիջևանի էքսկլավ։ Կարևոր է նշել, որ ԱՄՆ պաշտոնյաները, Kyiv Post-ին անանունության պայմանով հարցազրույց տալով, նշել են, որ երթուղին կպահպանի Հայաստանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը»։ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ Պաշտոնյաները հստակ նշել են, որ ԱՄՆ-ն չի տրամադրում «կոշտ անվտանգության երաշխիք» կամ ուժեր չի տեղակայում երթուղում։ Դրա փոխարեն՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։ Քաղաքականապես լարված խնդրի այս վերաձևակերպումը առևտրայինի՝ վարչակազմի մոտեցման առանձնահատկությունն է։ Այս գագաթնաժողովը զգալի շեղում է նախորդ, մեծ մասամբ կասեցված միջնորդական ջանքերից։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ այս պահին հասնելու ճանապարհը սկսվել է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի՝ փետրվարի վերջին Բաքու կատարած այցով, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձևավորվել է «նշանակալի կապ»։ Սա բացեց դուռ ԱՄՆ ներկայացուցիչների կողմից տարածաշրջան հինգ լրացուցիչ այցելությունների շարքի համար: Պաշտոնյաները ընդգծել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտը, երբ Ռուսաստանը և Իրանը շեղված են այլ գլոբալ խնդիրներով, եզակի հնարավորություն է ստեղծել երկու երկրների համար՝ «խիզախ քայլ» կատարելու դեպի խաղաղություն։
Համատեղ հայտարարություն. ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը կստորագրեն մի քանի կարևորագույն փաստաթղթեր՝ նախագահ Թրամփի ներկայությամբ՝ ըստ պաշտոնյաների: Սա կձևակերպի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիակատար կարգավորումը, որը պաշտոնյաները բնութագրել են որպես «հնարավորինս մոտ անշրջելի»։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը։
Համատեղ նամակ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ. Երկու երկրներն էլ պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ միջնորդական հարթակից, որը համարվել է «անօգուտ» և նոր մոտեցման կարիք ունի։
Նոր երկկողմանի հուշագրեր. ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր (MOUs) կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերագործարկելով» և «մեկնարկելով» նրանց համապատասխան երկկողմ հարաբերությունները և բացելով նախկինում անհավանական հնարավորություններ։
TRIPP-ի աշխատանքային խմբերը, ինչպես սպասվում է, կսկսեն քննարկումները գագաթնաժողովից հետո մեկ շաբաթ անց, որի ավարտի համար Թրամփը վերջնաժամկետ է սահմանել։
Պայմանագրերը երկարաժամկետ կլինեն՝ ավելի քան 50 տարի տևողությամբ, և բանակցությունները դեռևս կշարունակեն որոշակի տևողությամբ։
Պաշտոնյաները շեշտել են, որ ԱՄՆ-ն իրեն դիրքավորում է որպես հուսալի գործընկեր երկու կողմերի համար։
Չնայած գագաթնաժողովը մեծ առաջընթաց է, մնում են երկու էական խոչընդոտներ՝ Հայաստանի պահանջը՝ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող իր բանտարկյալներին, և Ադրբեջանի պահանջը՝ փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրությունում։
ԱՄՆ պաշտոնյաները ընդունել ոն, որ սրանք «կարևոր մանրամասներ» են, բայց հավելել, որ վարչակազմի ռազմավարությունն է նախ կողմերին խաղաղության ճանապարհով ամրագրել, ինչը հետագայում ավելի լավ միջավայր կստեղծի այս վիճելի հարցերը լուծելու համար։
Երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին լրագրողը հարցրել է գագաթնաժողովի ժամանակացույցի մասին, որը համընկնում է Ուկրաինա-Ռուսաստանի հետ կապված նշանակալի վերջնաժամկետի հետ, նրանք միանշանակ նշել են, որ ուրբաթ օրը «դիտավորյալ չէր նախատեսված այդ օրվա համար, դա հաստատ է»։
Պաշտոնյաները բացատրել են, որ ժամանակը պայմանավորված էր եզակի դիվանագիտական հնարավորությունից օգտվելով, այլ ոչ թե որևէ արտաքին ժամանակացույցի հետ համապատասխանեցնելով։
«Խոսքը վերնագրերի մասին չէ։ Խոսքը որևէ մեկին պարտադրելու մասին չէ։ Խոսքը 35 տարի տևած հակամարտությունը ցանկացած ձևով դադարեցնելու մասին է», – նշել է պաշտոնյաներից մեկը:
Գագաթնաժողովից, ինչպես սպասվում է, կներկայացվեն մի քանի կարևորագույն փաստաթղթեր, այդ թվում՝ խաղաղության հասնելու կոնկրետ ուղու վերաբերյալ համատեղ հռչակագիր, համապարփակ խաղաղության համաձայնագրի նախաստորագրում և ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու համատեղ նամակ, որը, պաշտոնյաների խոսքով, «չի աշխատել, չի աշխատելու և այժմ խնդիրներ է առաջացնում՝ օգնելու փոխարեն»։
Պաշտոնյաները ակնարկել են նաև «Աբրահամի համաձայնագրեր 2.0»-ի հնարավորության մասին՝ հղում անելով Մերձավոր Արևելքում կապերի կարգավորմանն ուղղված 2020 թվականի համաձայնագրին:
Նրանք նշել են, որ այս նոր խաղաղության նախաձեռնությունը կարող է ծառայել որպես ավելի լայն «խաղաղության շրջանակի» մոդել՝ միավորելով այն երկրները, որոնք ամուր հարաբերություններ ունեն Իսրայելի հետ և հանձնառու են տարածաշրջանային կայունությանը։
Գագաթնաժողովը, որը նկարագրվել է որպես «պատմական ուրբաթ», համարձակ քայլ է այն վարչակազմի կողմից, որը ձգտում է ապահովել արտաքին քաղաքականության հաղթանակն իր առաջին վեց ամիսների ընթացքում։
Պաշտոնյաների խոսքով՝ նպատակն է «մոտեցնել երկրներին պատերազմը վերջ տալու համար», նույնիսկ եթե դա նշանակում է աշխատել օգոստոսի ուրբաթ օրը։
Սպիտակ տունը հույս ունի, որ ԱՄՆ-ն այս նոր տարածաշրջանային կարգի կենտրոնում դնելով՝ այն կարող է կառուցել խաղաղության և բարգավաճման տևական ժառանգություն աշխարհի կարևորագույն անկյունում։ Միևնույն ժամանակ մարդու իրավունքների պաշտպաններն ու միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի և Ադրբեջանի մերձեցման վերաբերյալ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերությունները գնալով լարվել էին երկրում մարդու իրավունքների վատթարացող վիճակի պատճառով։
ԱՄՆ Պետդեպարտամենտը, միջազգային մարմինների հետ միասին, բազմիցս քննադատել է Ալիևի կառավարությանը անկախ լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումների, քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների և դատական անկախության բացակայության համար։
Քննադատները պնդում են, որ այս նոր դիվանագիտական միջամտությունը, չնայած տարածաշրջանային կայունության համար խոստումնալից է, կարող է նաև վտանգել ԱՄՆ-ի նախկին ջանքերը՝ տարածաշրջանում ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները խթանելու համար։


