
Փաշինյանը փորձում է «խաղաղություն» վաճառել, բայց իրականում դա նոր վտանգներ կբերի. Փափազյան
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, որն ավարտվել է փաստաթղթի ստորագրմամբ, չի ապահովում Հայաստանի շահերը և կարող է լուրջ ռիսկեր ստեղծել. ABC media-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ հասարակական ու քաղաքական գործիչ Մուրադ Փափազյանը:
«Առաջին հերթին պետք է նշել, որ արդեն երեք շաբաթ է, ինչ ստորագրվել է այս պայմանագիրը, և կարող ենք հաստատել, որ այն Ադրբեջանի պատրաստած փաստաթուղթն է, որովհետև այս պայմանագրի բովանդակությունը չի ապահովել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,- ասել է Փափազյանը:
Նա ընդգծել է, որ փաստաթուղթը ոչ միայն չի ապահովում շահերը, այլև վտանգի տակ է դնում երկրի անկախությունը, սահմանները և արտաքին կապերը:
«Այն վտանգի տակ կդնի Հայաստանի կապերը Իրանի հետ և կբացի պանթjուրքիստական ճանապարհը` Թուրքիայից մինչև Ադրբեջան և ուրիշ թուրքամետ հանրապետություններ», – ընդգծել է Փափազյանը:
Փափազյանն անպատասխանատու է համարում Հայաստանի կառավարության գործողությունները:
«Մենք ունենք այն, ինչ ունենք, այսինքն` Հայաստանի կառավարությունը չի կարողանում շահեկան դիրքերից բանակցել, կարճ ասած` այս կառավարությունը չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունն այսօրվա պայմաններում», – ասել է Փափազյանը:
Ֆրանսիահայ գործիչը նշել է, որ Փաշինյանը պատրաստ է Հայաստանի ժողովրդի շահերը մի կողմ դնել՝ ցանկալի քաղաքական նպատակների համար.
«Փաշինյանն այս քայլով արդեն պատրաստ է առաջիկա ընտրություններին, և խաղաղության այս փաստը ուզում է վաճառել հայ ժողովրդին, իբրև խաղաղություն բերող: Իսկ իրականության մեջ ճիշտ հակառակն է», – նկատել է Փափազյանը:
Փափազյանը հիշեցրել է նաև նախկին զիջումները Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում Ըստ նրա՝ զիջումների այս շղթան մշտական է:
«Սփյուռքը պետք է ակտիվորեն մասնակցի Հայաստանի շահերի պաշտպանությանը, բայց ներկայիս իրավիճակում դրա հնարավորությունները սահմանափակ են: Այսօր անկարելի է, որովհետև Հայաստանի կառավարության նպատակները ծայրահեղ ձևով տարբեր են: Երբ կունենանք հայանպաստ կառավարություն, անշուշտ փյուռքի հետ համագործակցությունը պետք է դառնա բնական երևույթ», – ընդգծել է Փափազյանը:


