ABCMEDIA
Որոշել եմ դադարեցնել նստացույցը․ Արայիկ Հարությունյանն ամփոփել է ակցիաները

Որոշել եմ դադարեցնել նստացույցը․ Արայիկ Հարությունյանն ամփոփել է ակցիաները

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն
է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է նստացույցը։ Նա նաև ամփոփել է անցյալ շաբաթ
իրականացված ակցիաների արդյունքներն ու խոսել հետագա անելիքների մասին։

Նա հայտարարել է, որ իրենց գործադրած ջանքերի ու իրականացված միջոցառումների
արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է։

Հարությունյանը դիմել է այլ պետությունների ներկայացուցիչներին՝
կոչ անելով հետևել Հայաստանի օրինակին նև հումանիտար աջակցություն մատակարարել։

«Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ճնշումը պետք է մեծանա՝ և՛
քաղաքական, և՛ հումանիտար, և՛ հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ: Այդ առումով
Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը՝ ըստ զարգացումների
կիրառելու նպատակով»,-գրել է Հարությունյանը:

Նա նշել է, որ իր նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած
բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու
և գործնական քայլերի մղելու հարցում։ «Որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել
ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով: Միևնույն ժամանակ, համաժողովրդական շարժման
շրջանակներում շարունակվում են նստացույցներն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների
կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ և համատեղ քննարկելու
ենք մեր անելիքները»,-գրել է նա: