ABCMEDIA
Արցախում բնակչությունը կանգնած է սովի մատնվելու վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ

Արցախում բնակչությունը կանգնած է սովի մատնվելու վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ

Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային
Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում
է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։

 ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն
է տարածել՝ անդրադառնալով Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրներին։

«Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի
մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը
ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի
միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային
Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած
ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում
տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների
մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը
ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի
չգործելու փաստը»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարության տեքստում։

Նշվում է, որ նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև առողջապահական
ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ահրաժեշտ
դեղորայքի պակաս, ինչի հետևանքով մի շարք խոցելի և լիարժեք բժշկական օգնության կարիք
ունեցող խմբեր՝ քաղցկեղով և դիաբետով տառապող անձիք, հղի կանայք, մանկահասակ երեխաներ,
կանգնած են լրջագույն առողջական խնդիրների առջև։ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում
է մահացության տեմպերի աճ։