06 Հուլ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP-ի վերաբերյալ Թեհրանի կոչը Հայաստանին. Իրանի առաջնորդի աները պատասխանել է ABC media-ի բացառիկ հարցին

TRIPP-ի վերաբերյալ Թեհրանի կոչը Հայաստանին. Իրանի առաջնորդի աները պատասխանել է ABC media-ի բացառիկ հարցին

ԱՄՆ-ի խոստումներին Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունը թող չհավատան․ ABC Media-ի՝ TRIPP-ի կարևորության և հայ-իրանական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հարցին ի պատասխան ասել է «Սաադի» հիմնադրամի նախագահ Հադդադ Ադելը, որի փեսան ԻԻՀ նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին է։
«ՀՀ-ի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ այդ պրոեկտը մեր շահերի դեմ չէ։ Հուսանք՝ այդպես է։ Բայց խորհուրդ ենք տալիս հայ ժողովրդին և իշխանությանը չխաբվել ԱՄՆ-ի խոստումներին։ Տեսաք՝ ինչ պատահեց արաբական պետությունների հետ պատերազմի ընթացքում, պետք է դաս քաղել։ Ամերիկացիները, երբ ներկա են լինում մեր հարևան երկրներում, իրենց հիմնական նպատակը Իրանին հարվածելն է լինում։ Հուսանք՝ այդ դեպքում նման բան մեր երկրի հետ չի կատարվի»,- ասել է Հադդադ Ադելը։

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ բանակցություններին՝ Հադդադ Ադելը ասել է, որ այն չափազանց անվստահության մթնոլորտում է անցնում։

«Մեր բանակցությունները չափազանց անվստահելի մթնոլորտում է անցնում։ Մենք պատրաստ ենք պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները, և պատրաստ ենք անգամ նորից պատերազմի մեջ մտնել, եթե նրանք դուրս գան բանակցության տրամաբանությունից»։

Հադդադ Ադելի խոսքով՝ աշխարհում զորությունն ու ուժը խենթերի ձեռքն է ընկել, միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներ են եղել հենց այդ պատճառով։

«Մենք լավատես ենք ապագայի նկատմամբ, և չկա այլ ուղի քան դիմադրելն ու պայքարելը։ Մեր ղեկավարների պարծանքն այն է եղել, որ իշխում են ժողովրդի կամքով»,- ասել է նա։
Հայ-իրանական հարաբերություններին անդրադառնալով՝ Ադելը նշել է․

«Իրանն ու Հայաստանը հազարամյակների անցյալ ունեն։ Բարեբախտաբար այս հարաբերությունները սև էջեր չունեն, միշտ փայլուն էր, հիմա՝ առավել ևս։ Հայերը Իրանում սիրված ու հարգված փոքրամասնություն են։ Մեր հարևան երկրներից ոչ մեկը այնքան անհատներ չունեն, որ նվիրվել են մեր երկրին, որքան հայերը»։

Հադդադ Ադելը շեշտել է՝ Իրանի համար կարևոր է Հյուսիս-հարավ ճանապարհը՝ հավելելով՝ Իրանի համար Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհը Հայաստանով է անցնում։
Հադդադ Ադելը հանդիպել է ԻԻՀ ժամանած հայ պատվիրակների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Պատվիրակության շարքում են ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, արևելագետ Քրիստինե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հետ զոհվել են նաև հարսն ու թոռնիկը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026