
«Մուլտի գրուպի» տասնյակ ձեռնարկություններում խուզարկությունների հետևանքով հազարավոր աշխատակիցներ չեն կարողանում աշխատել․ Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում ոչ միայն Գագիկ Ծառուկյանի բնակարանում, այլև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող տասնյակ ձեռնարկություններում և դրանց ղեկավարների բնակարաններում։
Նրա խոսքով՝ խուզարկությունների հետևանքով կաթվածահար է եղել կոնցեռնի բազմաթիվ ընկերությունների աշխատանքը, իսկ հազարավոր աշխատակիցներ մնացել են աշխատավայրերից դուրս։
«Եթե այս տնտեսական ռեպրեսիաների նպատակը մարդկանց աշխատանքից զրկելն է, ապա այդ նպատակն արդեն իրականացվել է։ Քննչական կոմիտեն մինչ այժմ չի պարզաբանել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրականացվում այս գործողությունները»,- ասել է Տոնոյանը։
Նա նշել է, որ փաստաբաններին, այդ թվում՝ Երեմ Սարգսյանին, չեն թույլատրել մասնակցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկությանը՝ ընդգծելով, որ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ հոդվածներով են հարուցվել վարույթները։
Տոնոյանի խոսքով՝ խուզարկություններ են իրականացվում «Արարատ Ցեմենտում», Երևանի Արարատի կոնյակի, գինու և օղու կոմբինատում, «Օլիմպավանում», «Մուլտի Վելնեսում», «Մուլտի Սթոունում», «Մուլտի Գրանդ» և «Մուլտի Ռեստ» հյուրանոցներում, ինչպես նաև այլ ընկերություններում։
Նա պնդել է, որ «Օլիմպավանից» դուրս են բերվել նաև ուսումնամարզական հավաքների մասնակցող արտասահմանցի մարզիկներ՝ դա որակելով Հայաստանի հեղինակությանը վնասող քայլ։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ Տոնոյանը նշել է, որ փողերի լվացման վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չունեն։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը շուրջ երկու տասնամյակ անձամբ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ իրեն պատկանող ընկերությունները հանձնված են հավատարմագրային կառավարման։
Տոնոյանը տեղի ունեցողը գնահատել է որպես քաղաքական և տնտեսական ճնշում՝ պնդելով, որ այն համապատասխանում է նախընտրական շրջանում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։


