
ԱՄՆ-ն ստեղծում է «պետություն պետության մեջ» Հայաստանի տարածքում․ ՌԴ ԱԽ
«Թրամփի երթուղու» նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը Հայաստանում կարող է հանգեցնել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, հետախուզական և այլ ենթակառուցվածքների ստեղծմանը․ այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
«Պետք է հիշել, որ նորաստեղծ ամերիկա-հայկական ընկերությանը կհանձնարարվի ամբողջ երթուղու երկայնքով անվտանգության ապահովումը, մինչդեռ հայկական կողմը կպահպանի սահմանային և մաքսային վերահսկողությունը։ Իրականում սա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների մուտք Հայաստանի տարածք և ամերիկյան հետախուզական և, հնարավոր է, նաև այլ ենթակառուցվածքների ստեղծումն այդ երկրում՝ բառացիորեն Իրանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Սա, բնականաբար, կասկածի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով տեղափոխման անվտանգությունը», – նշել է ՌԴ ԱԽ փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, որպես պատժամիջոց, կարող է արգելել բեռների տեղափոխումը «Թրամփի երթուղով» Հայաստանում։
«Արդեն հստակորեն հաստատվել է, որ «Թրամփի երթուղու» համաձայնագրի իրականացման վերաբերյալ բոլոր վեճերը կլուծվեն ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենքներին համապատասխան, և կապալառուին կտրվեն հողատարածքի օգտագործման բացառիկ իրավունքներ։ Սա ենթադրում է, որ ամերիկացիները կկարողանան հետագայում «ֆիլտրել» իրենց կողմից վերահսկվող երթուղու հատվածով անցնող բեռները, այլ կերպ ասած՝ որոշակի հանգամանքներում հրաժարվել իրենց ծառայությունները մատուցելուց։ Սա կարող է ձևակերպվել, օրինակ, որպես «պատժամիջոցների» արգելք ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ երթուղու օպերատորի նկատմամբ՝ որոշակի տնտեսական օպերատորի հետ համագործակցելու համար», – նշել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ստեղծում է «պետություն պետության մեջ» Հայաստանի տարածքում։
«Հաշվի առնելով համաձայնագրի պայմանները և ԱՄՆ ներկայիս քաղաքականությունը, ներառյալ՝ Հորմուզի նեղուցը «փակելու» նրանց վերջին փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը խիստ կասկածելի է թվում։ Փաստորեն, Հայաստանը ստեղծում է ևս մեկ «պետություն պետության մեջ»՝ լիովին համապատասխան դասական հետգաղութային մոդելներին, որոնցից արևմտյանները շատ են ստեղծել նախկին խորհրդային հանրապետություններում», – նշել է Շևցովը։


