
«Առաջնություն՝ ամբողջ աշխարհի համար»․ ՖԻՖԱ-ի նախագահը դիտարկում է Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը մեծացնելու հարցը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկում է քննարկել աշխարհի առաջնությանը մասնակցող երկրների թիվը մինչև 64 ավելացնելու հարցը՝ Միացյալ Նահանգներում ներկայումս մրցող 48 թիմի փոխարեն։ Պաշտոնյան այս մտադրությունը բացատրում է մրցաշարն «ամբողջ աշխարհի համար» անցկացնելու ցանկությամբ։
Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը կրկին ավելացնելու առաջարկն արվել է անցյալ տարի, և Ինֆանտինոն կարծում է, որ ՖԻՖԱ-ն պետք է դիտարկի այս հնարավորությունը։
«Սրանք հարցեր են, որոնք մենք կուսումնասիրենք Աշխարհի առաջնությունից հետո»,- շվեյցարական Blue Sport հեռարձակողին տված հարցազրույցում նշել է Ինֆանտինոն։
«Աշխարհի առաջնությունը կազմակերպելիս կարևոր է դա անել ամբողջ աշխարհի համար՝ ոչ միայն Եվրոպայի և Հարավային Ամերիկայի, այլև՝ իսկապես ամբողջ աշխարհի համար։ Առանց բացառության յուրաքանչյուր երկիր պետք է հնարավորություն ունենա երազել Աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին։ Դուք տեսնում եք, որ ազգային հավաքականների որակն անհավանականորեն բարձր է, և այն ավելի ու ավելի լավ է դառնում ամբողջ աշխարհում: Եթե փոքր երկրներին չտրվի Աշխարհի առաջնություններին մասնակցելու հնարավորություն, նրանք չեն ունենա կատարելագործվելու խթան»,- հավելել է ՖԻՖԱ-ի նախագահը։
Ինֆանտինոն կարծում է, որ 48 թիմով առաջին մրցաշարը «հսկայական հաջողություն» էր՝ որպես ապացույց նշելով, որ տասն աֆրիկյան թիմերից ինը դուրս են եկել իրենց խմբերից:
2017 թվականին ՖԻՖԱ-ի խորհուրդը հաստատեց Աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերի թիվը 32-ից 48-ի հասցնելու առաջարկը։ Հետագայում՝ 2025 թվականի ապրիլին, Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան՝ CONMEBOL-ը, պաշտոնապես առաջարկեց մրցաշարին մասնակցող թիմերի թիվը ընդլայնել մինչև 64, և դա անել 2030 թվականի Աշխարհի առաջնությունում:


