
Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, իսկ արտահանման շուկան մեկ ամսում կամ տարում չես կարող փոխել․ Ծառուկյան
Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Քրեակատարողական հիմնարկից հղած նամակում նա նշում է, որ կողմ է՝ Հայաստանից արտահանումներ լինեն տարբեր ուղղություններով, ոչ միայն Եվրոպա, այլև արաբական աշխարհ, ԱՄՆ և այլն։
«Բայց հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել։
Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում և աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում։
Հայաստանն իրոք կանգնած է լուրջ խնդիրների առջև։ Միայն Իրան-ԱՄՆ պատերազմը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, մեր տնտեսության սուր ռիսկերը, Ադրբեջանի անթաքույց հավակնությունները հերիք են՝ հասկանալու մեր առաջ կանգնած ռիսկերի ահռելի ծավալը։
Այս պայմաններում մենք կարիք ունենք բոլոր կարող ուժերի և անհատների ներուժի. Հայաստանի և սփյուռքի։ Այս պայմաններում ի՞նչ կուսակցական պատկանելություն, ի՞նչ կուսակցական նախասիրություն»,- ընդգծել է կալանավորված գործիչը։


