
Մինչ Ալիևը միլիարդներ է ծախսում օկուպացված Արցախում, Ադրբեջանում ջրի խնդիրն է գլուխ բարձրացնում
Ադրբեջանում ջրի պակասը վերածվել է սոցիալական դժգոհության նոր պատճառի։ Մինչ Իլհամ Ալիևը միլիարդներ է ծախսում օկուպացված Արցախում նոր բնակավայրեր կառուցելու և վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու համար, Բաքվից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու բնակիչներն օրերով խմելու ջուր չեն ունենում։ Խոսքն Ապշերոնյան թերակղզու բնակավայրերի մասին է։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ այդ տարածքներում հիմնականում բնակվում են կովկասյան պարսիկներ և շիա համայնքներ, որոնք հասարակական կյանքում բավական ակտիվ դեր ունեն։
«Այս բնակավայրերը նույնիսկ այս տարվա ամենաշոգ շրջանում զրկված են տարրական կենցաղային պայմաններից։ Բաքվից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա մարդիկ խմելու և առօրյա օգտագործման ջուր չունեն։ Այս իրավիճակը հատկապես մեծ դժգոհություն է առաջացնում, ինչը պարզ երևում է սոցիալական ցանցերում հրապարակվող արձագանքներից։ Դժգոհությունն ավելի է խորանում այն ֆոնին, երբ Ադրբեջանի իշխանությունները հսկայական միջոցներ են ծախսում բռնազավթված Արցախում՝ փորձելով իր համար ապահովել քարոզչական ուռճացված փուչիկ»,- ասաց Ոսկանյանը։
Ադրբեջանի իշխանությունը տարիներ շարունակ փորձում է աշխարհին ներկայանալ որպես հզոր և զարգացող պետություն։ Սակայն այս անգամ նույնիսկ խիստ վերահսկվող ինֆորմացիոն դաշտը չկարողացավ ամբողջությամբ թաքցնել խնդիրը։ Ջրի պակասի մասին տեղեկությունները հասան նաև ադրբեջանական լրատվամիջոցներ։
Ադրբեջանագետ Դիանա Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանում ջրի խնդրի վերաբերյալ արձագանքներ պարբերաբար լինում են, հատկապես Բաքվի արվարձանային շրջաններից։
«Դրանք կարող են կապված լինել որևէ կոնկրետ քաղաքական գործընթացի հետ, բայց հաճախ պարզապես ինչ-որ պահի հայտնվում են լրագրողի կամ լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում և հասանելի դառնում ավելի լայն շրջանակների համար»,- ասաց Կարապետյանը։
Փորձագետների գնահատմամբ՝ երբ Ադրբեջանի իշխանությունը հսկայական միջոցներ է ծախսում օկուպացված Արցախում, երկրի ներսում սոցիալական դժգոհությունն ավելի է խորանում։ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե ի վիճակի է կառուցել նոր բնակավայրեր և իրականացնել վերաբնակեցման ծրագրեր, մինչդեռ երկրի ներսում բազմաթիվ հիմնախնդիրներ շարունակում են մնալ չլուծված։
«Իրականում սա ցույց է տալիս, որ հենց Ադրբեջանի ներսում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Մասնավորապես՝ Բաքվից դուրս բնակվող շատ մարդիկ կարծում են, որ մեծ գումար է ծախսվում օկուպացված Արցախում, մինչդեռ նույն Ապշերոնյան թերակղզում մարդիկ նույնիսկ ջուր չունեն»,- ասաց իրանագետը։
Սակայն ջրի խնդիրը Բաքվի և դրա հարակից տարածքների համար նոր չէ։ Այն տասնամյակների պատմություն ունի։ Ադրբեջանագետի խոսքով՝ այս պահին ամենածանր վիճակը Շուվելան բնակավայրում է, որտեղ ջրի պակասն առավել ակնհայտ է։
«Եթե խոսենք Ադրբեջանի ջրային խնդիրների ավելի լայն պատճառների մասին, ապա պետք է նշել, որ երկրի մակերևութային ջրային ռեսուրսների ավելի քան 70%-ը ձևավորվում է Ադրբեջանի սահմաններից դուրս՝ Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Հիմնական խնդիրը վերաբերում է այն ջրային համակարգերին, որոնք Ադրբեջան են հասնում արդեն իսկ աղտոտված կամ ջրի ծավալների նվազումով։ Խոսքը հատկապես Կուր և Արաքս գետերի մասին է։ Իսկ երբ այդ ջրային ռեսուրսները հասնում են Բաքու և Ապշերոնյան շրջաններ, խնդիրներն ավելի են խորանում»,- ասաց Դիանա Կարապետյանտ։
Կարապետյանը նաև ուշադրություն է հրավիրում մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Մի քանի ամիս առաջ ադրբեջանական Haqqin. az լրատվամիջոցը հրապարակել էր նյութ Շուվելանի շրջակայքում ջրային ռեսուրսների աղտոտման մասին։ Ըստ հրապարակման՝ այնտեղ պարբերաբար շինարարական աղբ և այլ թափոններ են կուտակվում, որոնք վնասում են շրջակա միջավայրը։ Փորձագետի կարծիքով՝ ամիսներ շարունակ կուտակված աղտոտվածությունը նույնպես կարող էր նպաստել ջրային խնդրի խորացմանը։
Եթե պաշտոնական բացատրությամբ ջրի պակասի հիմնական պատճառը շոգ եղանակն է, ապա փորձագիտական գնահատականներով՝ իրական խնդիրը պետական կառավարման ձախողումներն են։ Իսկ ջրի պակասն այսօր դարձել է այն ճեղքը, որից երևում են Ադրբեջանի երկար տարիների չլուծված խնդիրները։
Գառնի Մութաֆյան


