21 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
4 մրցույթ, 134 մլն դրամ․ փոխհամայնքապետի հոր նորաստեղծ ընկերությունը հաղթել է համայնքային գնումներում

4 մրցույթ, 134 մլն դրամ․ փոխհամայնքապետի հոր նորաստեղծ ընկերությունը հաղթել է համայնքային գնումներում

Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանի հոր՝ Խաչիկ Ասատրյանի նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից մի քանի ամիս անց դարձել է Արենիի համայնքապետարանի խոշոր գնումների հաղթող։

2025 թվականի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն 2026 թվականի ապրիլից հունիս համայնքապետարանի հետ կնքել է 4 պայմանագիր՝ ընդհանուր 134 մլն դրամ արժեքով։ Ընկերության առաջին պայմանագիրը կնքվել է ապրիլին՝ Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման համար։ Դրա արժեքը 5.4 մլն դրամ է։ Միայն հունիսին «Էմ էյ շին»-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է ևս 3 պայմանագիր։ 43.3 մլն դրամի պայմանագիրը վերաբերում է Ռինդ և Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծերի կառուցմանը։ Եվս 59.5 մլն դրամի պայմանագիր կնքվել է Ռինդի ոռոգման ներքին ցանցի կառուցման համար։ Այս մրցույթում «Էմ էյ շին»-ը եղել է միակ մասնակիցը։ 25.6 մլն դրամի մեկ այլ պայմանագիր էլ ընկերությունը ստացել է Ռինդում 50 խմ տարողությամբ ռեզերվուարի, երկու կապտաժների կառուցման և խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի վերանորոգման աշխատանքների համար։ Այսինքն՝ ընկերությունը ստեղծվելուց մոտ կես տարի անց Արենիի համայնքապետարանից ստացել է 134 մլն դրամի 4 պայմանագիր։

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն ABC Media-ի հետ զրույցում  պնդեց, որ  համայնքապետարանը մրցույթների ընթացքում չի իմացել, որ մասնակիցներից մեկը Մհեր Ասատրյանի հոր ընկերությունն է։ Նրա խոսքով՝ գնումներն իրականացվում են էլեկտրոնային համակարգով, իսկ մասնակիցների մասին տեղեկությունը հասանելի է դառնում միայն մրցույթի ավարտից հետո։

«Էլեկտրոնային մրցույթում մենք չգիտենք՝ ով է։ Մրցույթը կայանալուց հետո նոր արդեն պարզվում է՝ շինարարն ով է։ Ես ո՞նց պիտի իմանամ։ Մհերը գնումներով զբաղվող մարդկանց հետ կապ չունի, դրա համար գնումներով զբաղվող մարդիկ կան»,- ասաց համայնքի ղեկավարը:

Նրա խոսքով՝ հնարավոր շահերի բախման հարցը մինչև հրապարակումը համայնքապետարանում չի քննարկվել։ Այդ հարցով, ըստ նրա, սկսել են զբաղվել արդեն հրապարակումից հետո։

«Անկեղծ ասած՝ ոչ։ Մենք այս բանից հետո, այս հրապարակումից հետո, կանչել եմ բոլորին, ասում եմ՝ իսկապես կարող է այստեղ շահերի բախում կա։ Մենք բաներ կա՝ չենք իմացել։ Հիմա հակառակը կարող է լինել, լավ, ենթադրենք՝ Մհեր Ասատրյանի հայրն առաջարկել է 500 դրամ, ու մենք ասում ենք՝ ոչ, ընտրում ենք 5000-ը։ Հիմա մենք որի՞ համար պիտի պատասխան տայինք»,- ասաց նա։

Սահակյանը նաև ասաց՝ ընկերության՝ նորաստեղծ լինելու հանգամանքն ինքնին խնդիր չէ։ Ըստ նրա՝ շինարարական աշխատանքների դեպքում կարևոր է անհրաժեշտ լիցենզիաների և հավաստագրերի առկայությունը։

«Լիցենզիան եղավ, փորձի տեխնիկական խնդիր էլ չկա։ Լիցենզիա ունեն, հավաստագիրը եթե ունեն, որ իրենք կարող են, օրինակ, խմելու ջուր, ոռոգման ջուր կառուցեն, էլ այնտեղ ես խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա։

Մհեր Ասատրյանը ևս պնդեց, որ գնումների գործընթացին չի միջամտել։ Սակայն նրա խոսքով՝ ինքը տեղյակ է եղել, որ հայրը շինարարական ընկերություն է բացելու և Արենիի համայնքի մրցույթներին է մասնակցելու։

«Տեղեկացված եմ եղել, որ հայրս նախատեսում է բացել շինարարական կազմակերպություն ու մասնակցել համայնքի մրցույթներին, բայց թե ո՞ր մրցույթներին՝ արդեն տնօրենն է որոշում։ Իր տնօրենն է զբաղվում այդ գործընթացներով, ես էլ հիմնականում աշխատանքի բերումով քիչ առնչություն ունեմ»,- ասաց նա։

Ասատրյանի խոսքով՝ հոր ընկերությունը ստեղծվել է նրա՝ երկար տարիների շինարարական փորձը բիզնեսի մեջ ներդնելու և բիզնեսն ընդլայնելու նպատակով։ Նա նաև ընդգծեց, որ ընկերության գործունեությամբ զբաղվում է նշանակված գործադիր տնօրենը։

Ասատրյանը բացառեց նաև իր կողմից մրցույթների վրա ազդեցության հնարավորությունը՝ նշելով, որ գործընթացն էլեկտրոնային է, իսկ մասնակիցների և նրանց առաջարկած գների մասին տեղեկությունը մինչև մրցույթի ավարտը հասանելի չէ։

«Էլեկտրոնային գնման գործընթացների մեջ որևիցե ռիսկ, որևիցե ներազդեցություն չի կարող տեղի ունենալ։ Ոչ ոք չի կարող տեսնել, թե որ ընկերությունն է մասնակցում, ինչ գին են առաջարկում, մինչև այն պահը, երբ մրցույթն ամբողջությամբ ավարտվում է»,- ասաց նա։

Նաև նշեց, որ եթե ընկերությունը համապատասխանում է սահմանված պահանջներին, իր՝ համայնքապետարանի առաջին տեղակալ լինելը չի կարող սահմանափակել հոր օրինական բիզնես գործունեությունը։

«Ես իմ գործունեությամբ կաշկանդված չեմ, ու նմանապես հայրս էլ իմ գործունեությամբ կաշկանդված չէ։ Եթե ես այսօր Արենիի համայնքապետարանում որպես առաջին տեղակալ եմ աշխատում, դա չի նշանակում, որ հայրս որևէ ուրիշ գործունեությամբ չի կարող զբաղվել»,- ասաց Մհեր Ասատրյանը։

Հուսիկ Սահակյանն էլ, իր հերթին, հայտարարեց՝ եթե պարզվի, որ Մհեր Ասատրյանը որևէ կերպ ներգրավված է եղել գնումների գործընթացում, պատրաստ է պատասխանատվության հարց բարձրացնել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ