Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով արցախցիների բռնի տեղահանությանը։
«Արցախում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվեց տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու և Արցախի էթնիկ հայերի երկարաժամկետ խնդիրները հասցեագրելու համար։
Միևնույն ժամանակ, անցած սեպտեմբերի իրադարձությունների հետևանքով Հայաստանի աճող և հրատապ կարիքները պետք է պատշաճ և համարժեք լուծում ստանան»,- ասել է Կիպրոսի նախագահը։
Նա հայտարարել է, որ Կիպրոսն աջակցում է ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացին, ինչն, անկասկած, նպաստելու է տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանն ու զարգացմանը։
«Նման զարգացումը դյուրացնելու և խրախուսելու ցանկացած խթան պետք է լինի հավասարակշռված և մանրակրկիտ պլանավորվի ու իրականացվի»,- ասել է նա: